կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-14 13:26
Հասարակություն

Գուցե Զորի Բալայանն իրավացի՞ է. Արտավազդ Բայաթյան

Գուցե Զորի Բալայանն իրավացի՞ է. Արտավազդ Բայաթյան

Ղարաբաղի` ՌԴ կազմի մեջ մտնելը, երեւի բոլոր չարիքներից ամենաթեթեւ որոշումը կլինի. yerkir.am-ի հետ զրույցում նշեց երաժիշտ-երգահան Արտավազդ Բայաթյանը` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակին:

 

Ըստ Բայաթյանի` այդ աշխարհամասը միշտ էլ ՌԴ-ինն է եղել, եւ հետո միայն, երբ ստեղծվել են Անդրկովկասյան երկրները, առանձնացվել են պետությունները: Բայաթյանի կարծիքով` գուցե Բալայանն իրավացի՞ է, որ ուզում է հետ դառնալ:

 

«Դա Ղարաբաղի պաշտպանության միակ միջոցն է, քանի որ քաղաքական իրադարձություներն այնպես է դասավորվել, որ Ղարաբաղը Հայաստանին միավորել` նշանակում է մեծ պատերազմի մեջ ընկնել, անկախ պետություն դառնալ` անընդհատ շրջափակման մեջ ես գտնվելու: Բալայանն ուզում է, որ ռուսական քաղաքական գործիչները հիշեն, որ դա իրենցն է եղել, եւ իրենք պետք է պաշտպանեն Ղարաբաղը: Այն զենք ու զրահը, որ Ադրբեջանը հավաքում է, լավ բանի չի կարող հանգեցնել, մանավանդ` Թուրքիան էլ նրանց կողմից է, իսկ Թուրքիան փոքր երկիր չէ` 79 մլն բնակչություն ունի եւ 1 մլն բանակ` ամենամեծը Եւրոպայում»,-ասում է Բայաթյանը եւ հավելում, որ Ղարաբաղը ՌԴ կազմի մեջ մտնելը Ղարաբաղի համար երաշխիք կլինի, որ ոչ ոք այնտեղ իր «քիթը չի մտցնի»:

 

Բայաթյանի հավաստմամբ` վերջիվերջո, Ղարաբաղի լինել-չլինելու հարցն ավելի կարեւոր է, քան` քաղաքականությունը, որը դարերի ընթացքում կարող է փոխվել.«Դա միակ լուծումն է, եւ դրա հետեւանքով մի քանի հարց է լուծվում: Կարծում եմ` եւրոպացիներն էլ այդ որոշումից դժգոհ չեն լինի, քանի որ մեր տարածաշրջանը ՌԴ-ի ազդեցության տակ է եւ դրա փոփոխությունը միայն համաշխարհային պատերազմը կարող է անել»:

 

Հիշեցնենք, որ  Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ է բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: