| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գիտնականների միջազգային խումբը հանգել է այն եզրահանգման, որ շարունակական բնույթ կրող արտաժամյա աշխատանքը մոտ 2/3-ով ավելացնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը. տեղեկացնում է Doctors.am-ը:
Բրիտանացի, ֆին և ֆրանսիացի գիտնականների լայնածավալ հետազոտություններին, որոնք սկսվել են 1985 թվականին, մասնակցել են 35-55 տարեկան 10.308 պետական ծառայողներ Լոնդոնի 20 հաստատություններից: Մասնակիցներին հետևելու ժամկետի միջին տևողությունը եղել է 11.2 տարի: Հավելյալ աշխատանքի ազդեցությունը առողջության վրա չափելու համար օգտագործվել են 6014 մասնակիցների տվյալներ:
Հետազոտությունների ընթացքում գրանցվել է կրծքային հեղձուկից, սրտի կաթվածից և իշեմիկ հիվանդություններից մահացության 369 դեպք: Այն բանից հետո, երբ հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծխելը, հավելյալ քաշը և արյան անբարենպաստ հատկագիրը, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական և մասնագիտական գործոնները, պարզվել է, որ 10-11 ժամ տևող աշխատանքային օրը 60 տոկոսով ավելացնում է սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման հավանականությունը` ի տարբերություն 8 ժամանոց աշխատանքային օրվա:
Ըստ հետազոտությունների ղեկավար Մարիաննա Վիրտանենի` այս փոխկապվածությունը կարող է լինել խրոնիկ սթրեսը աշխատավայրում և առավել անուշադիր վերաբերմունքն առողջության նկատմամբ, սակայն այս կանխավարկածը հաստատելու համար անհրաժեշտ են հավելյալ փաստեր:
Հաջորդ հետազոտությունների ընթացքում գիտնականները մտադիր են գնահատել արտաժամյա աշխատանքի ազդեցությունը ընկճախտի և շաքարախտի զարգացման հավանականության վրա, ինչպես նաև բացահայտել` արդյո՞ք արտաժամյա աշխատանքից հրաժարվելը հանգեցնում է սրտի իշեմիկ հիվանդությունների առաջացման հավանականության նվազմանը: