կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 20:21
Առանց Կատեգորիա

Սեյրան Օհանյանի ուշացած ընտրությունը

Սեյրան Օհանյանի ուշացած ընտրությունը

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց քաղաքական գործընթացների մեջ մտնելու և կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու` իր որոշման մասին: Ինչպես ինքն է նշում, նպատակը, իրատեսական ծրագիր ներկայացնելով, նոր որակի կառավարմամբ նոր որակի քաղաքական և տնտեսական համակարգ ստեղծելն է: Այն իրագործելու համար նա որոշել է համախոհների թիմ ձևավորել, քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումների արդյունքում հստակեցնել իր քաղաքական մասնակցության ամենաարդյունավետ ձևաչափը:

Քաղաքականություն մտնելու որոշումը կոնկրետ Օհանյանի պարագայում կարելի է օրինաչափ համարել ոչ այնքան այն պատճառով, որ այդ անցումը հայաստանյան քաղաքական մշակույթին բնորոշ երևույթ է, որքան կառավարման ոլորտում և հատկապես` պաշտպանության ու ազգային անվտանգության առանցքային համակարգերում նրա կուտակած ահռելի փորձառությունը, ինֆորմացվածությունը, գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմն օգտագործելու հնարավորության: Առավել ևս, երբ գործ ունենք մի անձնավորության հետ, որը, տասնամյակներ շարունակ լինելով զգալիորեն չորություն, ագրեսիվություն ենթադրող պաշտպանության համակարգում, ավելի շատ պարկեշտ եւ լսող գործչի համարում ունի:

Թերևս հենց այս որակներն էլ Օհանյանին մղել են քաղաքականություն մուտք գործելու հայտարարությունը կառուցել հավասարակշռվածության, որոշակիորեն լոյալության սկզբունքով, շեշտադրումը կատարել ոչ թե «ընդդեմի», այլ «հանունի» գաղափարական ասպեկտի վրա՝ առանց քաղաքական դաշտի որևէ բևեռում դիրքավորվելու կողմնորոշում հայտնելու և խաղաքարտերը սկզբից բացելու գայթակղությանը տրվելու: Այս իմաստով կարևոր է, որ նա չտրվեց կողմնակի շրջանակների, մասնավորապես` ՀՀ նախագահի նախկին խորհրդական Վիկտոր Դալլաքյանի իմպուլսիվ ազդակներին, միանգամից չդարձավ շատերի մոտ գլխապտույտ հարուցող՝ քաղաքական միավորումների առանցքի, լիդերի, մոդերատորի դեր ստանձնելու չկշռադատված հրահրումների գերին: Օհանյանի այս հայտարարությունն ավելի շատ քաղաքական դաշտին իր աստիճանական ադապտացիայի և քաղաքական միջավայրն իր նախանշումներին ու ցանկություններին ադապտացնելու, իր կարգավիճակային անցման հետ կապված քաղաքական դաշտում և հասարակության մոտ առկա տրամադրությունները, սպասումները, իր որոշման հարուցած ռեզոնանսը շոշափելու նպատակ ուներ: Բայց կարևորն այստեղ քաղաքականություն մտնելու մարտավարությունը չէ: Շատ ավելի կարևոր է, թե որո՞նք են այդ որոշման ներքին մոտիվացնող գործոնները:

Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտնելու որոշումը կայացնում է, մի կողմից, ընտրությունների նախաշեմին, իսկ մյուս կողմից, որ շատ ավելի էական է, կառավարության փոփոխության հետևանքով պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվելուց հետո: Մինչ այդ նա երբևէ հանդես չի եկել իշխանությանը, նրա վարած ընդհանրական կամ գոնե ոլորտային քաղաքականության արդյունավետությունը կասկածի տակ դնող թեկուզ սիմվոլիկ ազդակներով: Ընդհակառակը` Օհանյանը միշտ ընկալվել և ինքն իրեն մատուցել է որպես գործող իշխանական կոնյունկտուրայի ոչ երկրորդական ֆիգուր, իսթեբլիշմենթի անքակտելի մաս՝ սկսած դեռ նախորդ նախագահի պաշտոնավարման շրջանից: Ոչ մի դրվագում, անգամ` երկրի համար ամենադրամատիկ իրավիճակներում, Օհանյանը ոչ մի ձևով ցույց չի տվել, որ գործող քաղաքական, տնտեսական համակարգերը, կառավարման ձևն իրեն չեն բավարարում կամ չեն համապատասխանում երկրի զարգացման` իր պատկերացրած ուղուն, տեսլականին: Մինչդեռ համակարգի ոչ երկրորդական ֆիգուր լինելով՝ նա գուցե շատ ավելի մե՞ծ ռեսուրս ուներ` այդ համակարգերի, ընդունվող քաղաքական որոշումների վրա ներսից ազդելու, վերափոխելու համար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ դրանց ներսից հետամուտ չէր լինում: Հնարավորությո՞ւն չունե՞ր, ինչպես 2014թ. կոալիցիայից ՕԵԿ-ին դուրս բերելը փորձեց արդարանացնել նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, թե՞ պարզապես չէր ցանկանում: Եթե հնարավորություն չուներ, ապա ինչո՞ւ մինչ պաշտոնը կորցնելը չէր հայտարարում իր անհամաձայնությունների մասին և դուրս գալիս իշխանական համակարգից ու թիմից և այդ կերպ արդարացնում քաղաքական դաշտ մտնելու որոշումը՝ ներկայացնելով իր պատկերացրած երկրի մոդելը և այդ երկիրը կերտելու մեխանիզմների ամբողջությունը: Իսկ եթե խնդիրը ցանկության բացակայությունն է եղել, ապա սա լրիվ այլ իրավիճակ է, որը, մեղմ ասած, ոչ մի կերպ չի կարող խոսել Օհանյանի օգտին:

Մյուս կողմից, իր հավասարակշռվածությամբ հանդերձ, Օհանյանի հայտարարությունը գոնե մոտավոր պատկերացում չի տալիս, թե ի՞նչ նոր քաղաքական ու տնտեսական համակարգեր, հատկապես` ի՞նչ տիպի կառավարման մոդել է տեսնում, որքանո՞վ է այն այլընտրանքային գործողին կամ մինչ այժմ գործադրվածներին: Իսկ որ նա ինչ-որ բան ինչ-որ բանով ուզում է փոխել, ակնհայտ է, հակառակ դեպքում` նման հայտարարություն անելու իմաստը չէր լինի:

Շատերը կարող են առարկել, թե սրանք հարցեր են, որոնց պատասխանը Օհանյանը կտա առաջիկայում, երբ ավելի կհստակեցնի իր պլաններն ու պատկերացումները: Իհարկե, այսպես, թե այնպես դա կլինի: Բայց ողջ հարցն այն է՝ որքանո՞վ է տրամաբանական նախ հայտարարել քաղաքականություն մտնելու, ինքնաիրացման ամենաարդյունավետ ձևաչափերը գտնելու շուրջ կոնսուլտացիաներ սկսելու մասին՝ առանց սեղանին դնելու օրակարգը, առանց կոնկրետ մատնանշելու իշխանական համակարգի այն բնութագրիչները, միգուցե քաղաքական որոշումները, որոնց հետ նա սկզբունքորեն համամիտ չէ և որոնք կցանկանար էվոլյուցիոն կամ ռևոլյուցիոն ճանապարհով, թեկուզ ուշացումով, փոխել: Օհանյանն, ի վերջո, ուզում է, որ այդ ձևաչափերն ստեղծվեն իր անձի՞ շուրջ, թե՞ նաև ու առաջին հերթին այն պլատֆորմի, որը նա պատկերացնում է որպես գործող կառավարման համակարգի այլընտրանք: Ինչի՞ շուրջ է, առհասարակ, նա բանակցում:

Քաղաքականության նման ընկալումը տպավորություն է թողնում, որ խնդիրն ավելի շատ ներիշխանական նոր վերադասավորումների արդյունքում «խաղից դուրս» մնալուց առաջացած մարդկային նեղացածության և դրա հենքին ի հեճուկս իշխանության գործելու տրամադրվածության մեջ է:  Իսկ դա մի նավակ է, որի կառամատույց բարձրացող` անխտիր բոլոր նավապետերն ու նավաստիները, մեղմ ասած, դատապարտվել են ձախողման: Որովհետև կա չգրված օրենք` եթե քաղաքական, անձնական կեցվածքով ժամանակին ընդդիմանալու որևէ նշույլ չես ցուցաբերել կամ քաղաքականապես չես հիմնավորում նախկինում դրսևորած սպասողականության, համակերպվողականության, անտարբերության պատճառները, միևնույն է, չես կարող ազատվել ունեցածդ պատասխանատվության բեռից:

Ի դեպ, իրականում նոր որակի քաղաքական համակարգ ստեղծելու համար շատ հեռուներն ընկնել պետք չէ: Անհրաժեշտ է պարզապես սկսել հենց այստեղից՝ նախկին ու ներկա բոլոր որոշումների համար պատասխանատվություն վերցնելուց:

Գևորգ Դարբինյան