կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-08 17:09
Հասարակություն

Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ

Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր` սեպտեմբերի 8-ին, ամբողջ աշխարհում նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը: Այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու պարբերականները դրսևորում են իրենց համերաշխությունը և աշխարհին ցուցադրում իրենց միասնությունը:


Գաղտնիք չէ, որ զինված ուժերի առջև դրված խնդիրների լուծման կատարելությունը մեծապես կախված է բանակի, զինծառայության և զինծառայողների նկատմամբ հասարակության վերաբերմունքից: Այս տեսակետից հատկապես կարևոր է լրատվության միջոցների և լրագրողների աշխատանքը: Զինված ուժերի գործունեության, իրադարձությունների անաչառ լուսաբանման միջոցով լրագրողների բանակը նպաստում է ոչ միայն զինված ուժերի զարգացմանը, այլև մեր երկրի պաշտպանունակության ամրապնդմանը:


Արցախյան շարժման առաջին իսկ օրերից բազմաթիվ լրագրողներ լծվեցին հայենիքի պաշտպանության գործին: Զինվորական լրագրողներից ոմանք նահատակվեցին այդ պայքարում: Հավերժ հիշատակ և փառք նրանց: Նրանց անունները ամենուր պետք է հնչեն հպարտությամբ: Այսօր էլ մեր պաշտպանական համակարգի ստորաբաժանումներում իրենց ծառայությունն են կրում բազմաթիվ լրագրողներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալել հայաստանյան լրատվամիջոցների և լրագրողների հետ:


Կազմակերպվել են բազմաթիվ լրագրողական այցելություններ սահմանային զորամասեր, ասուլիսներ, հանդիպումներ, վերապատրաստման դասընթացներ: Միշտ լինելով դեպքերի և իրադարձությունների կենտրոնում, մեր լրագրողներն իրենց մեծ կամ փոքր նյութերով և շեշտադրումներով ներկայացնում են ազգային բանակը, զինվորականի առօրյան, նպաստել են բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: Լրագրողները նաև յուրօրինակ կամուրջ են հասարակության և զինված ուժերի միջև:


Եվ վստահ եմ, որ բոլորն են գիտակցում այդ առաքելության ողջ պատասխանատվությունը ու հուսով, որ մեր լրագրողները կշարունակեն պատվով կատարել իրենց առաքելությունը` հավատարիմ մնալով բարոյականության սկզբունքներին, հավասարակշիռ, կառուցողական և օբյեկտիվ հրապարակումներով անդրադառնով բանակաշինության խնդիրներին, զինված ուժերում ընթացող բարեփոխումներին:


Հուլիս-օգոստոսյան դեպքերը հերթական անգամ ապացուցեցին վտանգի պահին հայ հասարակության տարբեր շերտերի, նաև` լրագրողների համախմբվելու և Հայկական բանակին սատար կանգնելու կարողությունն ու պատրաստակամությունը` մոռանալով բոլոր տարաձայնություններն ու գաղափարական տարակարծությունները: Մարտական հենակետերում և մարտիկների հետ ունեցած նրանց զրույցներում ծնված հրապարակումներն առավել բարձրացրին հայ զինվորի մարտական ոգին:


Ամենայն պատասխանատվությամբ կատարելով իրենց մասնագիտական պարտքը և մեկնելով սահմանամերձ բնակավայրեր ու մարտական հենակետեր, լրագրողները ներկայացրին սահմաններում տիրող իրական պատկերը, սահմանամերձ գյուղերի բնակչության ամենօրյա հերոսական կյանքը, Հայկական բանակի ստորաբաժանումների վտանգաշատ, բայց վստահ ծառայությունն ու աներեր կեցվածքը:


Լրագրողների բանակը նույնպես հաստատեց, որ հայրենիքի պաշտպանության և իրենց հրապարակումներով բանակին աջակցություն ցուցաբերելու առումով միասնական են, համախմբված և պատրաստ իրենց մասնագիտական հմտություններով ծառայել հայրենիքին: Ներկայացնելով մեր զինվորների ու սպաների մասին բազմաթիվ հրապարակումներ, լուսանկարներ, տեսանյութեր` լրագրողն աջակցում է հայրենիքի սահմանին կանգնած զինվորին, բարձրացնում է անձնակազմի մարտական ոգին և վերջապես` զինվորների ծնողները տեսնում են իրենց զավակներին ծառայության մեջ` հայրենանվեր գործ կատարելիս:


Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին` դժվարին այդ օրերին ծավալած ակտիվ գործունեության և ուժերի ներածին չափով բանակին սատարելու, միասնական ջանքերով պաշտպանության նախարարությանն աջակցելու համար: Շնորհավորում եմ բոլոր լրագրողներին և մաղթում համախմբվածություն, համերաշխություն, քաջառողջություն, երջանկություն ու հաջողություններ անձնական կյանքում եւ աշխատանքում:


Թող ձեր գրիչը լինի արգասաբեր ու բեղուն` ի նպաստ մեր հայրենիքի ու զինված ուժերի առավել հզորացման: