կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-22 14:06
Իրավական

Ազնիվ չէ քաղաքական կամքի բացակայության մասին խոսելը. Արփինե Հովհաննիսյան

Ազնիվ չէ քաղաքական կամքի բացակայության մասին խոսելը. Արփինե Հովհաննիսյան

Ազնիվ չէ խոսել ապօրինի հարստացումը քրեականացնելու քաղաքական կամքի բացակայության մասին, պարզապես մեխանիզմներ են հարկավոր, որպեսզի ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նախագիծը լիարժեք գործի: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ապօրինի հարստացումը քրեականացնելու համար կա քաղաքական կամք և այն, որպես գործիք, չի օգտագործվի ոչ ցանկալի պաշտոնյաների կամ հարստացողների դեմ:

«Կեղծ դիվիդենդներ չհավաքելու համար անմիջապես չասացինք՝ տեսեք` վաղվանից ապօրինի հարստացումը գործելու է, որպեսզի հաջորդ օրը քննադատություն չլիներ, որ մարդիկ ասեն` տեսեք՝ ապօրինի հարստացման քրեականացումն ուժի մեջ է, բայց չի գործում»,- ասաց նա և հավելեց. «Մենք միշտ մտածում ենք, որ պայքարն ինչ-որ բանի դեմ պետք է լինի սուր՝ տեսարանային մեթոդներով: Իմ համոզմամբ, սակայն, ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ նախագծի բաղադրիչները հսկայական նշանակություն են ունենալու ապօրինի հարստացման կանխարգելման ու զսպման համար»:

Նախարարի խոսքով՝ այս գործում հսկայական աշխատանք պետք է տանի իրավապահ համակարգը, որպեսզի կարողանա անհերքելի ապացույցներ ձեռք բերել անգամ այն դեպքում, երբ նույնիսկ պաշտոնատար անձը կլռի:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություներով` պատասխանատվություն է նախատեսվել այն դեպքերի համար, երբ հայտարարագրի ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները:

Ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշակի պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում: Առաջակվող փոփոխություններով՝ ապօրինի հարստացման դեպքերի վարույթ իրականացնող մարմինը կլինի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: