կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 15:29
Քաղաքական

Քանի դեռ Ադրբեջանը չի զղջացել կատարած հանցագործությունների համար, խաղաղության մասին խոսելը քաղաքական բարձրագույն ցինիզմ է. Մարինա Գրիգորյան

Քանի դեռ Ադրբեջանը  չի զղջացել կատարած հանցագործությունների համար, խաղաղության մասին խոսելը քաղաքական բարձրագույն ցինիզմ է. Մարինա Գրիգորյան

Բուդապեշտում 2004-ի փետրվարի 19-ին  ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին հայտն էր և մեսիջը աշխարհին, թե ինչ քաղաքականություն է նա պատրաստվում վարել` որպես նախագահ, և ինչ մտադրություններ ունի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը։

«Սա վկայությունն էր այն բանի, որ հայատյացությունն Ալիևը դարձնելու է պետական քաղաքականություն: Եվ բոլոր այն գործողությունները, որ տեղի ունեցան հանցագործությունից անմիջապես հետո, և մինչ օրս կատարվող գործողությունները սա են ապացուցում»,-շեշտեց փորձագետը՝ հավելելով, որ Գուրգեն Մարգարյանի սպանության` պետական պատվեր լինելու մասին իրենց խոսքերում հաստատել են և՛ Սաֆարովը, և՛ ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող մյուս ադրբեջանցին:

«Այն, որ Ալիևն էր պատվիրել հայ սպայի  սպանությունը Սաֆարովին, դա հաստատվեց առաջին ժամերին, երբ Սաֆարովն առանց փաստաբանի ամեն ինչ անկեղծ ասաց: Նրա ցուցմունքները հաստատեց երկրորդ ադրբեջանցին: Այստեղ մի հետաքրքիր դրվագ կա ՝ երկուսն էլ միաձայն ասում են, որ երբ Սաֆարովը կատարում է այդ սպանությունը, այնուհետև նա արյունոտ կացնով մտնում է ադրբեջանցի երկրորդ սպայի սենյակը և ասում՝ կգնաս Բաքու և կասես, որ ես կատարեցի այն, ինչ պետք է կատարեի, և թող նրանք չնյարդայնանան: Սա պաշտոնական փաստաթուղթ է»,- ընդգծեց Մարինա Գրիգորյանը՝ հիշեցնելով 2004-ին ամռանը Ադրբեջանի ՄԻՊ-ի հայտարարությունը, որ Սաֆարովը պետք է ադրբեջանական երիտասարդության համար օրինակ լինի:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանում հայերին սպանողների հերոսացման քաղաքական ավանդույթը դրվել է դեռևս Սումգայիթի ջարդերից հետո, ապա այն իր շարունակությունն է ունեցել Սաֆարովի հետ կապված, այնուհետև` Քարվաճառի դիվերսանտների, հետո` ապրիլյան պատերազմի օրերին և շարունակվում է մինչ օրս:

«Հայ զինվորի գլուխը կտրողին Ալիևն արդեն անձամբ պարգևատրեց, ինչը չկար Ռամիլ Սաֆարովի դեպքում: Մենք այսօր վկա ենք, թե ինչպես է Իլհամ Ալիևը փորձում ամեն կերպ ազատել այն երկու տեռորիստներին, որոնք դատապարտված են ու գտնվում են Արցախում, քանի որ սպանել են երկու հոգու, այդ թվում՝ 17-ամյա երեխայի: Եվ այս պայմաններում մեզ առաջարկում են խոսել խաղաղասիրությունից»,-նշեց «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավարը:

Ըստ փորձագետի՝ մինչև 2003 թվականը հայր Ալիևի օրոք արդեն խաղաղասիրական ծրագրեր էին իրականացվում, և շփումներ կային, այլ հարց է, թե որքանով էին արդյունավետ: «Իլհամ Ալիևի գալուց հետո բոլոր խաղաղասիրական ծրագրերը, ժողովրդական դիվանագիտության շփումները  դադարեցվել են, և այն մարդիկ, որոնք Ադրբեջանում մասնակցել են այդ ծրագրերին, նրանց համարել են դավաճաններ, ազատազրկել են, ստիպել հեռանալ երկրից: Եվ այսօր Ադրբեջանում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում թվացյալ  խաղաղասիրության և խաղաղությանը նախապատրաստելու շրջանակում, բայց որևէ անգամ այդ միջոցառումների ժամանակ ոչ մի զղջման կամ ապաշխարանքի խոսք չի հնչել այն հանցանքների համար, որոնք կատարել է Ադրբեջանը 31 տարվա ընթացքում: Որևէ մեկը չի հիշում Սաֆարովի մասին, որը հանգիստ և ազատ ապրում է իր երկրում, երբ կացնի 16 հարված է հասցրել քնած հայ սպային, և նա Ադրբեջանում շարունակվում է հերոս համարվել: Իսկ մեզ առաջարկում են խաղաղության պատրաստվել՝ մոռանալով այդ ամենը: Էլ չեմ ասում Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի, ապրիլյան պատերազմի մասին: Քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել իր մեղքը, չի զղջացել կատարած հանցագործությունների համար, խաղաղության մասին խոսելը քաղաքական բարձրագույն ցինիզմի արտահայտում է»,- խոսքն ամփոփեց Մարինա Գրիգորյանը: