Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր կառավարության նիստում հաստատվեց արդարադատության նախարարության կողմից ներկայացված` ապօրինի հարստացման քրեականացման մասին օրինագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս օրինագիծը քննադատողներին, նշեց, որ եթե քննադատությունն ուղղված է առհասարակ գաղափարախոսությանը, ապա այդտեղ կարող են տարբեր կարծիքներ լինել:
«Եթե խոսքը վերաբերում է նախագծին, ապա չեմ կարող կիսել այդ տեսակետը: Հետադարձ ուժի խնդիրը որևէ պարագայում քաղաքական իշխանության կամքի դրսևորում չէ, դա բացառվում է: Միջազգային իրավունքի սկզբունք է դա, որ եթե որևէ առարկա քրեականացնում ես որևէ պահի, հետադարձ ուժ չի կարող ունենալ»,- ասաց նախարարը:
Նախարարը հնչեցրեց երկու հարցադրում: «Եթե խոսում ենք ապօրինի հարստացման քրեականացման մասին, ապա այստեղ անմեղության կանխավարկածի խնդիր կա, որևէ փաստ չկա, որևէ ապացուցված բան չկա` իրավական տեսանկյունից, և մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ կան ապօրինի հարստացածներ, ու հանկարծ նրանց վրա չի տարածվում: Ի՞նչ են առաջարկում, չքրեականացնե՞նք: Խնդիրը հետևյալն է` արդյո՞ք կողմնակից են այդ մարդիկ, ովքեր քննադատություն են հնչեցնում, չքրեականացնենենք ապօրինի հարստացումը, արդյո՞ք ձեզ մոտ կա համոզմունք, որ քրեականացումից հետո այլևս ապօրինի հարստանալու վտանգ, գայթակղություն չի լինի: Դուք արդյո՞ք համոզված եք, եթե` այո, եկեք ապօրինի հարստացումը չքրեականացնենք»,- հայտարարեց նախարարը:
Հովհաննիսյանը ապօրինի հարստացման քրեականացման օրինագիծը ուշացած չի համարում, ըստ նրա` նախագիծը շատ անհրաժեշտ է:
Հարցին՝ սա չի՞ լինի հերթական լավ օրենքը, որը չի գործի, նախարարը պատասխանեց. «Ոչ, կրկին կտրվում ենք նախագծից: Կրկին կտրվում ենք քաղաքական կամքի դրսևորումից և խոսում չհաստատված անմեղության կանխավարկածը խախտող փաստերի մասին: Ընդունում եմ, որ կա վստահության խնդիր, բայց ես չեմ կարող բոլորին համոզել, որ այսպես այլևս չի լինելու, կամ` հավատացեք մեզ: Ոչ, պիտի քայլերը կատարվեն, և փորձը ցույց տա դա: Ի դեպ, շատերը չէին հավատում նաև, որ ապօրինի հարստացման քրեականացումը երբևէ կհասնի կառավարություն»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Ըստ նախարարի՝ շատ հետաքրքիր իրավիճակ կարող ենք ունենալ: Նա նշեց, որ եթե պաշտոնյայի հայտարարագրի և իրական ունեցվածքի միջև դիսբալանս լինի, վարույթն իրականացնող մարմինը իրավունք կունենա հարց տալու` որտեղի՞ց այս դիսբալանսը:
«Այստեղ հարց է ծագում` ինչո՞ւ չէիր հայտարարագրել, ու դրա համար արդեն կլինի քրեական պատասխանատվություն: Շղթան 2 կողմից փակ է` կա'մ ապօրինի հարստացման համար պիտի դատապարտվի, կա'մ կեղծ հայտարարագիր ներկայացնելու համար»,-ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ ապօրինի հարստացման նախագիծը և պատասխանատվությունը տարածվում են նաև փոխկապակցված անձանց վրա:
«Պաշտոնատար անձի կինը առանձին է պատասխանատվություն կրելու իր ներկայացրած հայտարարագրի համար, որդին` առանձին իր ներկայացրած հայտարարագրի համար: Այսինքն` շղթա է: Միայն ապօրինի հարստացման քրեականացումը ոչինչ չի տա, այսպիսի շղթա է գործելու»,- ասաց նա:
Վերջում Հովհաննիսյանը նշեց, որ ապօրինի հարստացման համար սահմանվող պատիժը կլինի 3-ից 6 տարի ազատազրկում` գումարած լրացուցիչ պատժատեսակ՝ գույքի բռնագրավում: