կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-21 15:39
Տնտեսական

«Վինար»-ը խաբել է թե’ գյուղացիներին, թե’ կառավարությանը. դիմել են դատարան

«Վինար»-ը խաբել է թե’ գյուղացիներին, թե’ կառավարությանը. դիմել են դատարան

Այսօր գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը լրագրողներին ներկայացրեց մթերման հետ կապված իրավիճակը և թվային ցուցանիշները: Ընթացիկ տարում պտուղ-բանջարեղեն վերամշակող 39 և խաղող վերամշակող 50 ընկերության կողմից մթերվել է 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող: Խաղողի մթերման միջին գինը իջել է` դառնալով 128 դրամ: Գյուղացի-վերամշակող ընկերություն համագործակցության դաշտում կնքվել են 131 հազար պայմանագրեր:

Անդրադառնալով վերամշակող ընկերությունների կողմից գյուղացիների վճարումների խնդրին` փոխնախարարը նշեց, որ 2016-ին մթերվել է 7 միլիարդ դրամի պտուղ-բանջարեղեն, որից վճարվել է 6,3 միլիարդ դրամը կամ 83 տոկոսը: Պարտքեր ունեցող կազմակերպությունները վստահեցրել են, որ պայմանագրերը կնքված են և առաջիկայում կսկսեն վճարել պարտքերը:

Խնդիր կա 6 վերամշակող կազմակերպությունների հետ, որոնցից մեկը յուրահատուկ դեպք է: 5 ընկերությունների մոտ գյուղացիներին պարտքը կազմել է 55,5 միլիոն դրամ: Այդ ընկերությունները պարտավորվել են մինչև տարեվերջ վճարել պարտքերը:

«Մեկ կազմակերպության հետ կապված` կան լուրջ խնդիրներ. դա «Վինար» ընկերությունն է: Այն բավական խնդրահարույց և անպատասխանատու կազմակերպություն է, գյուղացիները մեկ անգամ չէ, որ իրենց բողոքի ձայնը բարձրացրել են` այս ընկերության անպատասխանատու գործունեության հետ կապված»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

«Վինար» ընկերությունն ուներ 47 միլիոն դրամի պարտք: Գյուղատնտեսության նախարարությունը ուսումնասիրել և վեր է հանել բոլոր այն գյուղացիների անունները, որոնց պարտք է այդ ընկերությունը: Պարզվել է, որ պարտքը կազմել է ոչ թե 47 միլիոն դրամ, այլ 100 միլիոն դրամ:

Այս կազմակերպության անպատասխանատու հայտարարությունները այսքանով չեն ավարտվում: Սկզբում այդ կազմակերպությունը հայտարարել է, որ չի կարողանում իրացնել իր մոտ եղած սպիրտը: Գյուղատնտեսության նախարարությունը դրանից հետո սկսել է միջոցառումներ ձեռնարկել, որ այդ սպիրտը գնեն: Անհրաժեշտ պահին պարզվել է, որ այդ կազմակերպությունը սպիրտ չունի: «Այնուամենայնիվ, մեզ հաջողվել է այդ կազմակերպության մոտից վերցնել 16 միլիոն դրամի սպիրտ, որը վաճառվել է Պռոշյանի գինու գործարանի կողմից, և այդ գումարը տրվել է գյուղացիներին պարտքերի դիմաց»,- ասաց Ռոբերտ Մակարյանը:

«Վինար» կազմակերպության հաշիվները կալանքի տակ են, ունի վարկային ու հարկային պարտավորություններ: Քանի որ գյուղացիները այդ ընկերության դեմ բազմիցս են բողոքել կառավարությանը, սակայն չեն դիմել դատարան, ուստի գյուղատնտեսության նախարարությունը միջնորդությամբ դիմել է գլխավոր դատախազություն: Ըստ փոխնախարարի` այդ ընկերությունը խաբեության համար պետք է արժանի պատիժ ստանա, որը կլինի նախադեպ ու զսպաշապիկ անբարեխիղճ մթերողների համար:

Հիշեցնենք` խոսքը Քաղցրաշեն, Այգեպար, Նորաշեն գյուղերի գյուղացիներին ունեցած պարտքերի մասին է: