Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը շարունակվում է: Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արմեն Գևորգյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Էրիկ Ալեքսանյանը։
«Գործող իշխանությունը աչքի է ընկնում նրանով, որ քաղաքական հետապնդումները չեն շրջանցում նաև թիրախում հայտնված մարդու ընտանիքի անդամներին, հարազատներին։ Նման պատկեր է առկա նաև Արմեն Գևորգյանի հարազատների պարագայում, թիրախավորվել են Արմեն Գևորգյանի ու նրա կնոջ բազմաթիվ հարազատներ:
Շուրջ մեկ տարի առաջ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք էր առաջադրել Ա.Գևորգյանի 75 ամյա հորը` Անդրանիկ Գևորգյանին, նրա նկատմամբ ընտրել խափանման միջոց, սահմանափակելով սահմանային շարժը։ Այս ամենի հետևանքով արդեն մեկ տարի է, ինչ Անդրանիկ Գևորգյանը զրկված է անգամ բուժման նպատակով Հայաստանից մեկնելու հնարավորությունից։
Այսօր արդեն տեղեկացանք, որ Արմեն Գևորգյանի հոր ողջ գույքի վրա արգելանք է դրվել։ Այն որ այդ որոշումն ակնհայտ ապօրինի է` կասկածից վեր է։ Սակայն զավեշտը կայանում է նրանում, որ այդ նույն գույքի վրա արգելանք դնելու մասին առկա են արդեն երկու որոշում։ Առաջին որոշմամբ արգելանքը դրվել է այն հիմնավորմամբ, թե Անդրանիկ Գևորգյանի անվամբ առկա գույքն իրականում իբր պատկանում է Արմեն Գևորգյանին։ Նոր որոշմամբ սակայն նույն մարմինը «գտնում» է, թե այդ գույքը պատկանում է հատկապես Անդրանիկ Գևորգյանին։ Նշվածն արդեն պարզ վկայությունն է այն փաստի, որ օրինական նպատակ չհետապնդող այս գործողությունները, որոնց մեջ խճճվել է անգամ նախաքննությունն իրականացնող մարմինը, ճղճիմ հետապնդման հերթական դրսևորումն են։ Ավելին` արգելանք է դրվել իբր թե հանցավոր ճանապարհով ձեռք բերված այնպիսի գույքի վրա, որը ձեռք բերված է եղել շատ ավելի վաղ, քան առաջադրված մեղադրանքում ներկայացված հանգամանքներն են տեղի ունեցել։ Այս առումով հետաքրքրական է, որ անձանց առաջադրվել է մեղադրանք, որի բովանդակությունից առհասարակ հասկանալի չէ, թե ի վերջո ի՞նչ հանցանքի կամ ապօրինության մասին է խոսքը գնում:
Ցավով ենք ստիպված արձանագրել նաև, որ Հայաստանի պետական մարմիններն իրենց իրական պարտականությունները մոռացած, լծված են մեկ քաղաքական ուժի կողմից տրված հանձնարարությունները կուրորեն կատարելուն, որի արդյունքում նաև երկրում փաստացի ձևավորվել է բարձիթողի վիճակ։ Սակայն այնուամենայնիվ պետք է հիշել, որ կան նաև բարոյական սահմաններ, որոնք խախտել երբեք չի կարելի», - ասված է փաստաբանների տարածած հայտարարությունում։