կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-14 12:52
Քաղաքական

Երբ ունեցվածքը գրանցում են զոքանչի անունով. ի՞նչ է առաջարկում նոր օրենքը

Երբ ունեցվածքը գրանցում են զոքանչի անունով. ի՞նչ է առաջարկում նոր օրենքը

Ազգային ժողովում քննարկվում է «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի կարևորագույն կետը ապօրինի հարստացումը քրեականացնելն է:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հետաքրքրվեց հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից, որ եթե պաշտոնյայի մոտ փաստաթղթերով ամեն ինչ մաքուր է, սակայն այլ անձանց վրա է գրանցված ունեցվածքը, ի՞նչ է նախատեսվում այս դեպքում: «Ենթադրենք՝ իքս պաշտոնյայի մոտ թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց ինքն ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ հարսի, քեռու որդու, այսինքն՝ մերձավոր բարեկամների անուններով, մի 25 հատ էլ այդպես մեքենաներ ունի, որ գրում է հարևանի կամ մեկ այլ անձի վրա, դե ֆակտո իրենն է, բայց դե յուրե իրենը չէ, ի՞նչ է լինելու»- հարցրեց Շարմազանովը:

 Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ սա ամենապրագմատիկ հարցն է այս պահին: «Մինչև փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնելն ասեմ, որ աշխարհի ոչ մի երկիր չի արել դա: Ես ուսումնասիրել եմ աշխարհի այն երկրների փորձը, ովքեր փոխկապակցված անձանց շրջանակն ընդլայնել են, մենք էլ ենք ընդլայնելու, այդ նախագիծը ներկայացնելու ենք»,-ասաց նա՝ հավելելով, որ աշխարհում ոչ մի երկիր չի անցել համատարած հայտարարագրի ինստիտուտին, միակ երկիրը, որ արել է, եղել է Ռումինիան, սակայն այդ երկիրն էլ հետ է կանչել այդ նախագիծը: «Արդյունքում Ռումինիայում ամբողջ համակարգը կաթվածահար վիճակում հայտնվեց, ունենում էին միլիոնավոր հայտարագրեր, բայց ոչ պատշաճ գործիքներ դա ստուգելու: Փորձն ուսումնասիրելով համոզվում ենք, որ երբ որ դու սկսում ես անբնական ձևով հսկել այդ շրջանակը, պաշտոնատար անձը գտնում է երկրորդ, երրորդ շրջանակն՝ ում անունով դա անի: Վարույթն իրականացնող մարմինը այդ գործի շրջանակներում կարող է ու անդրադարձ կկատարի՝ արդյոք դե ֆակտո այդ գույքի տերը պաշտոնատար անձն է՞, թե՞ նա, ով սեփականատերն է»,- ասաց նախարարը:

Նախարարի խոսքով՝ ապօրինի հարստացումը համարվում է վտանգավոր գործիք հետապնդման տեսակետից. «Իրավապահ համակարգի այս մոդելին թեկուզ ադապտացված լինելու պայմաններում շատ լայն գործիքակազմ տալու դեպքում վտանգի առաջ ենք կանգնելու, ես կողմ եմ էվոլուցիոն ճանապարհին, սա արդեն հեղափոխական ու աննախադեպ քայլ է ՀՀ-ի համար: Այս մոդելի շրջանակներում 70-80 տոկոս դեպքերում արդյունք կունենանք»,-ասաց Հովհաննիսյանը: