Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ մեղադրանք` Գուրգեն Գրիգորյանն իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ ամիսներ շարունակ մարմնական և հոգեկան տառապանքներ է պատճառել ու խոշտանգել Գուրգեն Գրիգորյանի մորը` Թագուհի Գրիգորյանին, և տատիկին` Նազիկ Կարապետյանին, ովքեր նյութական կախվածության մեջ են Գրիգորյանից:
Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Գ. Գրիգորյանի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը միջնորդել էր տուժող Թագուհի Գրիգորյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնել, քանի որ, ըստ փաստաբանի, հարսին ծեծելը, նրան և որդուն ամուսնության 3-րդ օրը տանից վռնդելը կամ թոռան վրա ջուր շփելը նորմալ անձին բնորոշ վարքագիծ չէ:
Դատավոր Վարդան Գրիգորյանն այսօրվա նիստին մերժեց պաշտպանի միջնորդությունը` այն համարելով անհիմն: Ըստ դատավորի` նախորդ փորձաքննությունը, որով պարզվել էր, որ տուժողը հոգեկան խնդիրներ չունի, կասկած չի հարուցում: Բացի այդ` դատաքննության ընթացքում Թագուհի Գրիգորյանի դրսևորած վարքագիծը որևէ հիմք չի տվել կասկածելու, որ նա հոգեկան խնդիրներ ունի:
Փոխարենը պաշտպան Սաֆարյանը մեկ այլ միջնորդություն ներկայացրեց: Նա դատարանին խնդրեց հարցաքննության հրավիրել ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանի տատիկին` Նազիկ Կարապետյանին հետազոտած փորձագետին, որպեսզի վերջինս բացատրի փորձագիտական եզրակացության մեջ առկա որոշակի անհասկանալի տարրեր, որի հիման վրա էլ ամբաստանյալին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 112-րդ հոդվածի (ծանր մարմնական վնասվածք հասցնելը) հատկանիշներով:
Այս առնչությամբ մեղադրող Բարսեղյանը հայտարարեց, որ ինքը սկզբունքորեն դեմ չէ, սակայն իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե կողմն անհարկի փորձում է ձգձգել դատաքննությունը:
Պաշտպան Սաֆարյանն էլ պնդեց, որ ինքը միտում չունի հետաձգելու նիստը, փորձագետին հրավիրելու մեջ որևէ արտառոց բան չկա:
Տուժողների ներկայացուցիչն էլ, առարկելով միջնորդության դեմ, նշեց, որ դա ժամանակի կորուստ է, քանի որ փորձագետը, իր եզրակացությունը հաստատելուց բացի, ավելի ոչինչ չի ասելու:
Դատավոր Վ. Գրիգորյանը բավարարեց պաշտպան Սաֆարյանի միջորդությունը: Հաջորդ դատական նիստին` հուլիսի 10-ին, դատարանը հարցաքննության կհրավիրի դատաբժշկական փորձագետ Ա. Բաբայանին:
Այսօրվա դատական նիստի ավարտին ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանը ցանկանում էր բարևել նիստերի դահլիճում գտնվող իր զոքանչին, սակայն, բնականաբար, նրան ուղեկցող ոստիկանները թույլ չէին տալիս: Ամբաստանյալն ուղեկցողների հետ փոքրիկ վեճից հետո, այնուամենայնիվ, գրկախառնվեց զոքանչի հետ: