Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-12-12 16:59
Իրավական

Մեկնարկեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով առաջին դատական նիստը

Մեկնարկեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով առաջին դատական նիստը

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով առաջին դատական նիստը: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է երկու անձ՝ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը:

Այսօրվա դատական նիստին ներկայացել էին միայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինա Մկրտչյանն ու պաշտպաններից Վարդան Զուռնաչյանը: Չէր ներկայացել մեղադրող դատախազն ու մյուս պաշտպանը: Դատախազը տեղեկացրել էր դատարանին, որ այլ նիստով է ծանրաբեռնված և չի կարող ներկայանալ այս նիստին: Հենց այս հիմքով էլ նիստը հետաձգվեց:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում վստահությունը չարաշահելու և խաբեության միջոցով գաղտնի առևանգել է Կարեն Վարդանյանին, այնուհետև խմբի կազմում շահադիտական դրդումներով դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գաղտնի հափշտակել Կարեն Վարդանյանի զգալի չափի գույքը:

Քննության տվյալներով՝ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի 32-րդ հասցեի բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին, որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ այդ գնի սահմաններում նոր բնակարան։

Պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանի միջոցով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար: Պայմանավորվածության համաձայն՝ Ա.Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կ.Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով: Ճանապարհին Կ.Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի Ախթամար կղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով, Գ.Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Կ.Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Միհրանյանը։ Տեսնելով անշնչացած Կ.Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է՝ նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։