կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-15 15:30
Իրավական

Մեկնարկեց դատավորի կողմից կաշառք ստանալու գործով առաջին նիստը. ներկաները հուզվեցին. լուսանկարներ

Մեկնարկեց դատավորի կողմից կաշառք ստանալու գործով առաջին նիստը. ներկաները հուզվեցին. լուսանկարներ

Քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց նույն դատարանի արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ գործով առաջին դատական նիստը:

Դատարանից Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ Իշխան Բարսեղյանն անճանաչելիորեն փոխվել է: Նրան դահլիճ բերելիս նախկին դատավորի հարազատները լաց էին լինում: Նրա քեռին հայտարարեց, որ Իշխանի նկատմամբ քաղաքական պատվեր են իրականացնում: Նրա խոսքով` եթե Բարսեղյանը կաշառք վերցնող լիներ, վարձով չէր ապրի: «Նրա գլխին սարքել են»,- ասաց քեռին:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են դատավոր Իշխան Բարսեղյանն ու փաստաբան Էլզա Զաքարյանը:

Գործով ներգրավված է 4 պաշտպան, որոնցից Վլադիմիր Գրիգորյանը նախկին դատավոր է և մինչև նախորդ տարի աշխատում էր Էրեբունի և Նուբաաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Նա ներկայացնում է Իշխան Բարսեղյանի շահերը, ով ներկայումս գտնվում է կալանքի տակ: Իսկ Էլզա Զաքարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում քաղաքացի Նորիկ Հակոբյանից կաշառք ստանալու պահին՝ ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակներում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Իշխան Բարսեղյանը 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք:

Էլզա Զաքարյանն էլ մեղադրվում է կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով կաշառքի միջնորդություն կատարելու մեջ: