Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր տեղի է ունեցել «Հայկական վերածնունդ» կուսակցությունից դժգոհ` այդ նույն կուսակցության հիմնադիր հանդիսացող մարդկանց հանդիպումը լրագրողների հետ, որին մասնակցել են նաև «Հայկական վերածնունդ»-ի անդամներ, որպեսզի, իրենց պնդմամբ, հակադրվեն «Հայկական վերածնունդ»-ի հասցեին հնչեցվող մեղադրանքներին:
Ասուլիսին ներկա` «Ազատամարտիկների և զորացրված զինծառայողների իրավունքների պաշպանություն» ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Ռուշանյանը նախքան ասուլիսը հանդիպում է ունեցել ՀՎԿ անդամների հետ: Նա չհերքեց, որ հանդիպել է «Հայկական վերածնունդ»-ի ներկայացուցիչների հետ, բայց չցանկացավ նշել, թե` ում: «Անուններ չտանք, այդպես ավելի ճիշտ կլինի»,- ասաց Ռուշանյանը:
Նշենք, որ Yerkir.am-ի հետ զրույցում «Հայկանդուխտ» կուսակցության ղեկավար Արմինե Ղազարյանը հայտնեց, որ Հեղինե Բիշարյանի հետ է Ռուշանյանը հանդիպել:
Ռուշանյանը նշեց, որ ինքն առաջ է քաշել 7 առաջարկություն, որոնց մի մասն ընդունվել է «Հայկական վերածնունդ»-ի կողմից, մյուսներն էլ քննարկվում են, ուստի ինքը համարում է, որ իրենց կազմակերպության դուրս գալը ՀՎԿ-ից առայժմ ժամանակավրեպ է, որովհետև նպատակ ունեն երկրում իրավիճակ փոխելու: Նա ասաց նաև, որ ինքը հայց չի ներկայացրել, այլ ուզեցել է դուրս գալ ՀՎԿ-ից, կուսակցության անդամ էլ չի եղել, այլ եղել է հասարակական միավորման անդամ:
Yerkir.am-ի ճշտող հարցին` ինչքա՞ն ժամանակ է ՀՎԿ հասարակական միավորման անդամ, պատասխանեց, որ անցած տարվա օգոստոսից:
Մեր մյուս հարցին` եթե մեկ տարվա ընթացքում հիասթափվել է, այս մեկ ժամվա ընթացքում ինչպե՞ս համոզեցին, ի՞նչ խոստացան, որ մտքափոխվեց, Ռուշանյանն արձագանքեց. «Ես որ եկա, պեսիմիստ էի, հիմա էլ բավական պեսիմիստություն կա, բայց հետագա շփումների ընթացքում ինձ մոտ առաջացավ հավատ, հետո որոշակի իրադարձությունների շուրջ նորից այդ հավատը իմ մոտ սկսեց նվազել: Ես հասկացա մի բան, որ քաղաքականությունը դա այն է, որ դու պետք է հասնես քո նպատակին, նպատակին հասնելու համար պետք է ճնշում գործադրես»:
Այստեղ միջամտեց ՀՎԿ անդամներից Դավիթ Հարությունյանը` տեղից գոռալով` «Մենք չենք համոզել ոչ մեկի, ընտանիքում էլ են վեճեր լինում»:
Ինչ վերաբերում է հարցին` ի՞նչ են նրան խոստացել, որ մտքափոխվել է, Ռուշանյանը պատասխանեց. «Անձնական ոչինչ չեն խոստացել, ես կատարել եմ շեշտադրումներ, առաջարկներ, որոնք ՀՎԿ հաջողության հասնելու դեպքում կիրառելիս պետականության հիմքերն են ամրապնդում»:
Նա նաև ժխտեց, որ իրեն ՀՎԿ ցուցակում անցողիկ տեղ են խոստացել:
Այստեղ Դավիթ Հարությունյանը դարձյալ միջամտեց` տեղից գոռալով. «Ես` որպես ՀՎԿ կառավարման խորհրդի անդամ, այդ հարցին պետք է պատասխանեմ. ընտրություններին դեռևս 5 ամիս կա, ի՞նչ ցուցակների մասին է խոսքը»:
Yerkir.am-ի հարցին, եթե նորից հուսախաբ լինի, ի՞նչ է անելու, ռուշանյանն արձագանքեց. «Նորից այսպիսի հանդիպում կկազմակերպեմ, բոլորից ներեղություն կխնդրեմ ու կանցնեմ ընդդիմադիր գործունեության»: