Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման և տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ մշակելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, նախարարի տեղակալներ Մ. Մկրտչյանը և Կ. Հարությունյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, տեսադասեր կազմակերպած դպրոցների պատասխանատուները:
ՀՀ կառավարության հանձնարարականի կատարման շրջանակում աշխատանքային խմբի անդամները վերլուծել են կազմակերպված տեսադասերի ընթացքում կիրառված մեթոդական մոտեցումներն ու հեռահաղորդակցման գործիքների արդյունավետությունը: Առաջարկ է հնչել մշակել հեռավար ուսուցման կազմակերպման հայեցակարգ և հստակ ժամանակացույց` աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Ըստ նախարար Լևոն Մկրտչյանի` կրթության տարբեր բաղադրիչներում առկա են կոնկրետ արդյունքներ, որոնք համակարգման և զարգացման կարիք ունեն: Նախարարը նշել է, որ խնդիրը պետք է տարբերակել երկու ուղղությամբ` տեխնիկական և մեթոդական: Առաջարկ է հնչել նախնական փուլում ընտրել հանրապետության 10 առաջատար դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող ուսհաստատություններին, օրինակ` կոնկրետ առարկայի ուսուցիչ չունեցող դպրոցներին: Նախարարն առաջարկել է ճշգրտել տեսադասերի անցկացման մեթոդիկան` ուղիղ դասընթացների, էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտությունների զարգացման ձևաչափով:
Լևոն Մկրտչյանը հանձնարարել է ամփոփվել էլեկտրոնային տարբեր հարթակներում առկա ողջ բովանդակությունը և դասակարգել այն, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր դպրոց հնարավորություն ունենա մուտք գործել համակարգ և վերցնել իրեն անհրաժեշտ ուսուցողական նյութերը: Աշխատանքային խմբի անդամները համաձայնել են, որ հեռավար դասընթացները նպատակ ունեն ոչ թե փոխարինել ուսուցիչներն, այլ օժանդակել նրանց: Առաջարկ է հնչել նաև վերոնշյալ ձևաչափով դասընթացներ անցկացնել առանձին խմբակների շրջանակում, ինչպես նաև իրականացնել համապատասխան ուսուցիչների վերապատրաստումներ:
ՀՀ ԿԳՆ