կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-22 12:05
Հասարակություն

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

Ֆրանսիացի փորձագետները կաջակցեն Հայաստանում աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսին և Հայաստան ժամանած մի շարք փորձագետների. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարության կողմից Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Մտավոր սեփականության գործակալության հետ համատեղ իրականացվող աշխարհագրական նշումով գինիների համակարգի ներդրման նպատակով տեխնիկական օժանդակությանը վերաբերող հարցեր:

Հյուրերը համառոտ ներկայացրել են աշխարհագրական նշումների ոլորտում ֆրանսիական փորձը: Մտքեր են փոխանակվել ոլորտում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ: Արտակ Քամալյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման համար աշխարհագրական նշումներն ունեն կարևոր նշանակություն և Հայաստանն ակնկալում է ֆրանսիական կողմի աջակցությունը գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու հարցում:

Քննարկվել են նաև որոշ ալկոհոլային խմիչքների ապրանքային նշանների պաշտպանությանը, արտասահմանյան շուկաներում հայկական գինեգործական և կոնյակագործական արտադրանքի բարձր որակի և մրցունակության ապահովմանը վերաբերող հարցեր։

Դեսպանության գյուղատնտեսական հարցերի խորհրդական Ալեքսանդր Մարտինեսն իր հերթին նշել է, որ ֆրանսիացի փորձագետները հետաքրքրված են համագործակցություն ծավալել նաև անասանաբուծության ճյուղում, ագրարային կրթության և մասնագետների վերապատրաստման ոլորտներում։