կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 15:08
Իրավական

«Ինքը Քեսաբն ազատեց». զինված խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող հայր Անտոնը՝ խմբի «պարագլխի» մասին

Եթե հայ ազգին պաշտպանելը հանցագործություն է, ուրեմն ես հանցագործ եմ. այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց 2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը: «Իշխանությունը, եթե բաց է իր ժողովրդին, ուրեմն այն անհնար է բռնազավթել»,- հավելեց նա:

Նշենք, որ Արթուր Վարդանյանն ու խմբի ևս 11 անդամներ ներկայումս գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

Ներկայումս ազատության մեջ է գտնվում նաև այս գործով ամբաստանյալ, խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Անտոն Թոթոնջյանը (հայր Անտոն): Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը շինծու է: Նաև հայտնեց, որ ճանաչում է Արթուր Վարդանյանին: «Ես Արթուրին ճանաչում եմ, որովհետև ինքը Քեսաբն ազատեց»,- ասաց նա:

Նշենք, որ, մեղադրանքի համաձայն, հայր Անտոնը 2015թ. ապրիլից, անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է նրա կողմից ստեղծված ու ղեկավարված հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Ինչպես տեղեկացրել էինք, այսօրվա դատական նիստին չէր ներկայացվել ՀՀ նախկին փոխվարչապետ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա պաշտպան Հայկ Ալումյանն, ի պատասխան Yerkir.am-ի հարցին, նշեց, որ, առանց Շիրխանյանի ներկայության, դատավարություն չի կարող ընթանալ: Փաստաբանի խոսքով՝ Շիրխանյանին հնարավոր է դատարան բերել սայլակի կամ պատգարակի միջոցով, սակայն նա ի վիճակի չէ մինչև դատական նիստի սկսվելը երկար ժամանակ սպասել դատարանի խոնավ խցում: