կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-15 12:50
Իրավական

Գառնիկ Մարգարյանը հանդիպումներ է ունեցել զինված հանցախմբի «պարագլխի» հետ. մանրամասներ

Գառնիկ Մարգարյանը հանդիպումներ է ունեցել զինված հանցախմբի «պարագլխի» հետ. մանրամասներ

Վաղը ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կդիմի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան երեկ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին և ազատամարտիկ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանավորում ընտրելու համար:

Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գառնիկ Մարգարյանի և Վլադիմիր Առաքելյանի նկատմամբ կասկածեր են առաջացել ԱԱԾ-ի կողմից Արթուր Վարդանյանի հեռախոսազանգերի գաղտնալսումից հետո: Առհասարակ, մինչ այժմ առկա տեղեկությունները վկայում են, որ ԱԱԾ-ն նախքան հանցախմբի ձերբակալումն էլ է գաստնալսել Վարդանյանին և խմբի մի քանի անդամների:

Գառնիկ Մարգարյանի պաշտպան Հովիկ Արսենյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալն արդեն ցուցմունք է տվել և հայտնել, որ Արթուր Վարդանյանն է իրեն զանգահարել եւ հանդիպում խնդրել: Պաշտպանի խոսքով՝ նրանք մի քանի անգամ հանդիպել են ու բոլոր հանդիպումների ժամանակ ընդամենը խոսել արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի մասին, իսկ հեղաշրջման հետ կապված որեւէ զրույց չեն ունեցել:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 14-ին ձերբակալվել են «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Գևորգի Մարգարյանը և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Փայլակի Առաքելյանը, որոնք կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Վերոհիշյալ անձանց բնակարաններում և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերությունում իրականացվել են խուզարկություններ:

Մեզ հետ զրույցում հիշյալ ընկերության գործադիր տնօրեն Միշա Ուլիխանյանը, ով մեկ ամիս է` բացակայում է հանրապետությունից, հայտնեց, որ ֆաբրիկան ներկայումս չի աշխատում, աշխատանքները սովորաբար մեկնարկում են մարտ ամսից: Մեր տեղեկություններով՝ հանրապետությունում չէ նաև Առաքելյանի որդին, ով հոր ձերբակալությունից հետո պատրաստվում է վերադառնալ Հայաստան: