Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ թուրքական ապրանքների ներմուծման հարցին:
Նա նշեց, որ մշտապես քննարկումների մեջ են Հայաստանում լոլիկ և վարունգ արտադրող ջերմատների, ֆերմերների հետ, և այսօր ի մի կբերեն ոլորտի արդյունքները: Ապօրինի ներմուծման հետ կապված` նախարարը նշեց, որ բոլոր պետական մարմիններն աշխատում են, որ այդ հարցը պարզաբանվի, և եթե որևէ գործընթաց օրենքից դուրս է, այն կկարգավորվի օրենքի սահմաններում, բայց օրենքի սահմաններում իրականացվող ապրանքների ներմուծումը չեն կարող արգելել:
Ինչ վերաբերում է պարարտանյութերի շուկայում մրցույթներին, նա չցանկացավ նախորդ մրցույթներին որևէ գնահատական տալ: «Իմ տրամադրվածությունը միտված է նրան, որպեսզի շուկան բացենք և ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք, այսինքն` թույլ տանք, որ ով ուզում է` բերի: Մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ, քանի որ պարարտանյութը ֆերմերի համար չպետք է թանկանա, և ըստ դրա` մենք սուբսիդավորման մեխանիզմը կմշակենք այնպես, որպեսզի դա լինի ավելի թափանցիկ և հասցեական»,- ասաց նախարարը:
Գյուղատնտեսության նախարարը բացառեց, որ իր ոլորտում, առանց մրցույթների, բյուջեին վնաս հասցնելով, որոշ մարդիկ կհարստանան: «Բոլորը պետք է հարստանան, սակայն դա պետք է լինի օրենքի սահմաններում և թափանցիկ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Կենտրոնական բանկի կանխատեսմանը, որ գյուղատնտեսության ոլորտում տարվեվերջին նվազեցում կլինի, Իգնատի Առաքելյանն ասաց, որ բազմաթիվ գործոններ կան՝ թե' բնակլիմայական, թե' տնտեսական, թե' ֆինանսական, որոնք, իրոք, բացասական են ազդել: «Բերքը քիչ էր, գները ցածր էին, այդ ամենը ազդում է արժեքային գնահատման վրա»,- ասաց նա: