կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-17 11:26
Հասարակություն

Նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն. Իգնատի Առաքելյան

Նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի մարզում` առկա խնդիրներին ծանոթանալու և ոլորտի զարգացմանն ուղղված նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով:

Մարզպետ Կարեն Բոթոյանի ուղեկցությամբ նախարարը նախ այցելել է Շորժա համայնքի ծիրանի այգի: Այգու համասեփականատեր Սուլիկո Շուշանյանը տեղեկացրել է, որ այգին, որում աճեցվում են հայկական ավանդական ծիրանի սորտեր, հիմնվել է 2016 թվականին՝ 10 հեկտարի վրա,  երրորդ տարում սպասում են ստանալ բերքի որոշակի քանակ, իսկ հինգերորդ տարում ակնկալում են լիարժեք բերք: Նշելով, որ այգու ոռոգումն իրականացվում է կաթիլային համակարգի միջոցով` Սուլիկո Շուշանյանն ընդգծել է, որ այն կատարյալ է և չափազանց արդյունավետ:

Նա տեղեկացրել է նաև, որ այգում ընթացիկ աշխատանքների իրականացման համար գյուղտեխնիկայի լիզինգի ծրագրի շրջանակում ձեռք է բերվել մի քանի միավոր տեխնիկա` միաժամանակ ընդգծելով, որ նման ծրագրի նախաձեռնումը շատ կարևոր է և անհրաժեշտ:

Շրջելով Շորժայի ծիրանի այգում` նախարարը հույս է հայտնել, որ այն տարածաշրջանի մյուս այգեգործների համար ազդակ կհանդիսանա, որպեսզի հիմնեն նմանատիպ այլ այգիներ, քանի որ առկա են բոլոր նախադրյալները որակյալ բերք ստանալու և դրանով իսկ մեծ եկամտաբերություն ապահովելու համար:

Այնուհետև Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Մեծ Մասրիկ համայնք, հանդիպել տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը:

Այցի ընթացքում նախարար Իգնատի Առաքելյանը եղել է նաև Վարդենիկ համայնքի «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունում: Կազմակերպության հիմնադիր Արտուշ Խաչատրյանի տեղեկացմամբ` ձեռնարկությունը ստեղծվել է 2016 թվականի մայիսին և «Համայնքների զարգացումը սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում խրախուսում է տարբեր բանջարատեսակների և խոտաբույսերի հավաքումը, չորացումն ու սառեցումը: Նրա խոսքով` իրացման հետ կապված խնդիրներ չկան. արտադրանքի մի մասն իրացվում է տեղական շուկայում, մնացածն արտահանվում է: Հաջորդ տարվանից նախատեսվում է հարևան տարածաշրջաններից մթերել այլ մշակաբույսեր, ընդլայնել տարածքները, ձեռք բերել նոր սառցարան և չորանոց: Նշել է նաև, որ ձեռնարկությունը հետաքրքրված է նաև  Գյուղատնտեսության նախարարության մշակած սուբսիդավորվող մատչելի վարկերի ծրագրով, որով նախատեսվում է գյուղացիական տնտեսություններին տրամադրել 3-10 մլն դրամ՝ 5% տոկոսադրույքով, 5 տարի մարման ժամկետով:

Ձեռնարկության առավել հաջողված նախաձեռնությունների շարքում Արտուշ Խաչատրյանը մատնանշել է մասնավորապես բրոկկոլիի մշակումը և տեղեկացրել, որ 2018 թվականին նախատեսվում է մշակել նաև բրյուսելյան կաղամբ, որը հանրապետությունում ունի մեծ պահանջարկ:

Վարդենիկ համայնքում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է համայնքապետերին, որի ընթացքում ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող նոր ծրագրերն ու նախաձեռնությունները: Իր ելույթում նախարարը կարևորել է մարզերի համար զարգացման տեսլականի մշակումը, ինչը թույլ կտա ծրագրեր իրականացնել` ելնելով յուրաքանչյուր մարզի առաջնահերթություններից և առանձնահատկություններից: Իգնատի Առաքելյանը շեշտել է նաև խորհրդատվական համակարգի հզորացման և ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը:

 Իր հերթին մարզպետ Կարեն Բոթոյանը տեղեկացրել է, որ Գեղարքունիքում  հացահատիկի բերքահավաքը մոտենում է ավարտին, իսկ կարտոֆիլի բերքահավաքը կմեկնարկի մոտ մեկ ամսից: Նա նշել է, որ հետագայում նախատեսվում է Շորժայի այգիների օրինակով նմանատիպ այգիներ հիմնել նաև Վարդենիսի տարածաշրջանում, իսկ Մարտունիում` սկսել բրոկկոլիի մշակություն: Ըստ նրա` մարզի համայնքներում մեծ հետաքրքրություն են առաջացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերը, մասնավորապես՝ մատչելի տոկոսադրույքով գյուղտեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը:

 Ամփոփելով այցի արդյունքները` Իգնատի Առաքելյանը նշել է, որ թեև մարզում հիմնականում զբաղվում են հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ, սակայն բնակլիմայական նպաստավոր պայմաններ կան նաև այգեգործության զարգացման համար:

 Անդրադառնալով աշնանը գյուղացիներին սերմով ապահովելու հարցին՝ նախարարը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի նախատեսում սերմ ներմուծել այն պարագայում, եթե տեղական սերմարտադրողներն ապահովեն ներքին պահանջարկը:

 «Մենք նախատեսում ենք ոլորտի զարգացման համար դադարեցնել սերմերի ներկրումը հանրապետություն`  հնարավորություն տալով, որպեսզի տեղի սերմարտադրողներն իրացնեն իրենց արտադրանքը: Հայաստանում գործող սերմարտադրողների հետ հանդիպումների ժամանակ նրանք նշել են, որ պատրաստ են գյուղացիական տնտեսություններին ապահովել տեղական արտադրության սերմերով, և եթե պահանջարկն ավելին լինի, քան իրենց առաջարկն է, ապա միայն այդ դեպքում կկազմակերպվի սերմերի որոշ խմբաքանակի ներկրում»,- նշել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն