կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-01 22:15
Տնտեսական

Գյուղատնտեսությունը գերակա ուղղություններից մեկն է, որն ունի զարգացման մեծ ներուժ. Իգնատի Առաքելյան

Գյուղատնտեսությունը գերակա ուղղություններից մեկն է, որն ունի զարգացման մեծ ներուժ. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները:

 Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուդդի Քրիսնանդին և Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը:  

 «Հայաստանում գյուղատնտեսությունը գերակա ուղղություններից մեկն է, որն ունի զարգացման մեծ ներուժ: Մենք պատրաստ ենք ուսումնասիրել յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը և կնպաստի գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացմանը», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:

 Այնուհետև հյուրերի խնդրանքով ՀՀ գյուղատնտեսության նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի ներկա վիճակը, ոլորտի հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Այս համատեքստում մասնավորապես ընդգծվել է ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների և կարկտապաշտպան համակարգերի կիրառման, ինտենսիվ այգիների հիմնման, ապահովագրական համակարգի ներդրման, միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման անհրաժեշտությունը:

 Անդրադառնալով ագրարային ոլորտում ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերին, որոնք առավելապես միտված են նպաստել մասնավորապես փոքր և միջին գյուղացիական տնտեսությունների զարգացմանը` նախարար Իգնատի Առաքելյանն առանձնապես կարևորել է վերամշակող ընկերություններին, գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, ինչպես նաև գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրերը:

 Երկկողմ հարաբերությունները գործնական հիմքերի վրա դնելու նպատակով նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է ստեղծել համատեղ աշխատանքային խումբ, որը հանգամալից կուսումնասիրի համագործակցության առավել հեռանկարային ուղիները:

 Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև պարենային ապահովության, սննդամթերքի անվտանգության, երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ: