կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-18 13:00
Հասարակություն

Որտեղ կպչում ես, խնդիր կա, չենք կարող երկու ամսում գալ և ասել, որ սա կանեմ. Իգնատի Առաքելյան

Որտեղ կպչում ես, խնդիր կա, չենք կարող երկու ամսում գալ և ասել, որ սա կանեմ. Իգնատի Առաքելյան

Արդեն հայտնել ենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է 2017 թվականի պետական բյուջեն: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ գյուղատնտեսության գրեթե բոլոր ոլորտներում խնդիրներ կան, որոնք այնքան շատ են, որ դժվար է հասկանալ՝ որտեղից սկսել, որտեղից վերջացնել:

«Որտեղ կպնում ես, խնդիր կա: Լուծելու համար չենք կարող երկու ամսում գալ և ասել, որ սա կանեմ: Սկսած ֆերմերային տնտեսությունների ու վերամշակման ֆինանսական վիճակից, որոնք գրեթե բոլորը վարկավորված են և վերավարկավորման խնդիր կա: Անասնաբուժության խնդիր կա, և վարկային միջոցներ են ներգրավվելու` զարգացնելու անասնապահությունը՝ մոռանալով անասնաբույժերի որակավորման մասին»,- ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այսքանով չի սահմանափակվում, քանի որ լուրջ խնդիրներ կան նաև խորհրդատվության մակարդակում: Նախարարը նշեց, որ չկա զարգացում ֆերմերային տնտեսությունների ոլորտում, և առկա է մասնագետների խնդիր: Ըստ Առաքելյանի՝ արդեն իսկ ժամանակն է մտածել, թե հաջորդ տարվա մթերումն ինչպես է արվելու:

«Պետք է պետական միջամտության խորհուրդներ ստեղծվեն, որոնք կպարտադրեն: Այսօր չենք կարող լինել լիբերալ դաշտում, ինչքան լիբերալ լինենք, այդքան դաշտն անկառավարելի կդառնա, և մենք գնալու ենք դրան: Վարչապետի հանձնարարությամբ գնում ենք այդ շղթան ստեղծելուն, որ գյուղմթերք արտադրողը և մթերողը կարողանան կանոնակարգել և մինիմալ գին սահմանել: Միգուցե գյուղատնտեսության մասին օրենքով կարողանանք կանոնակարգել»,- ասաց նա:

Նախարարը դիմեց պատգամավորների օգնությանը և շեշտեց, որ կա նաև նրանց օգնության կարիքը: «Կխնդրեի ձեր աջակցությունը, որ ձեր ընտրատարածքներում, բիզնեսները, որ ձեզ հետ կապ ունեն, կամ գյուղերը, համայնքները հասկանան, որ պետք է համախմբվեն: Արտադրողները միմյանց մրցակից են համարում և պատրաստ չեն համագործակցել: Այս դեպքում պետությունը կարող է պարտադրել: Բայց ռիսկ կա: Առաջինը` որ կասի` չեմ անում, փող չունեմ, գործարանս փակում եմ, գնում: Այսինքն՝ կլինի շանտաժային խոսակցություն, թե ով է ավելի ուժեղ, որ հարցը լուծենք: Եթե եռակողմ՝ մթերող, արտադրող և պետություն, չմիանանք, չենք կարողանալու գյուղատնտեսությունը փրկել»,- ասաց Առաքելյանը:

Նա խնդիրներ մատնանշեց նաև սուբսիդավորման ոլորոտում, այդստեղ էլ շատ թերություններ կան:

«Հիմա պետք չէ ազոտային պարարտանյութը միայն տալ, որ շատ բերք ստանան, բայց` անորակ: Առանց ֆոսֆորի, կալիումի ո՛չ որակ կլինի, ո՛չ էլ այլ բան, մենք որակ պետք է ներկայացենք, որ որակով արտադրանք լինի: Հայաստանը չի կարող խոշոր գյուղատնտեսական երկրների հետ իր որակով մրցել: «Հայկական» անունը հարգված է, բայց, մենակ այդ անունը դնելով, առաջ են գնում, դա պետք է օգտագործել, որ գյուղմթերքը դառնա որակով, միգուցե շատ չլինի, թանկ լինի, բայց որակով լինի, սա է մեր խնդիրը»,- ընդգծեց նախարարը:

Նա հայտարարեց, թե գյուղտնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ներդրում կարելի է անել ու հասնել հաջողության: «Մենք ունենք արտահանման մեծ պոտենցիալ՝ պանիր, բանջարեղեն, միրգ, ունենք ներքին արտադրանքի հնարավորություն, որը կփոխարինի ներմուծմանը: Կան ցուցանիշներ, և ներկայացվել է ցուցակ: Եվ ունենք պարենային անվտանգություն: Հենց այդ երեք ուղղությունների վրա է մեր ուշադրությունը լինելու»,- եզրափակեց Առաքելյանը: