կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-30 22:33
Տնտեսական

Հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները. Իգնատի Առաքելյան

Հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտայի գլխավորած պատվիրակությանը:

 Հանդիպման նպատակն Արգենտինայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև «Գիտասփյուռի և գյուղատնտեսական մեխանիզացման համակարգի ամրապնդում» տեխնիկական ծրագրի համառոտ ներկայացումն էր:

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ողջունելով հյուրերին,   իր խոսքում ընդգծել է գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի զարգացման կարևորությունը և շնորհակալություն հայտնել Արգենտինայի կառավարությանը՝ այդ ուղղությամբ իրականացվող աջակցության  համար:

 «Մեր նպատակն է այս ծրագրի միջոցով Հայաստանի Հանրապետությունում հզորացնել գյուղատնտեսության խորհրդատվական ծառայությունները և ուսուցման համակարգում ապահովել գիտություն-խորհրդատու-ֆերմեր շղթայի արդյունավետ համագործակցությունը»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

  Նախարարին տեղեկացվել է, որ հունիսի 26-30-ն Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի և պաշտամունքի նախարարության ու ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև համագործակցության ծրագրի շրջանակներում, Ամերիկա կորպորացիայի համագործակցությամբ ՀՀ գյուղատնտեսության ոլորտում խորհրդատվական համակարգի ներդրման նպատակով Ագրարային տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) և CREA խմբերի արգենտինական ասոցիացիայի (AACREA) փորձագետները հանդիպումներ են ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների և Գեղարքունիքի ու Արարատի մարզերի Գյուղատնտեսության աջակցման մարզային կենտրոնների տնօրենների, խորհրդատուների և ֆերմերների հետ:

  Ծրագրով ընթացիկ տարում նախատեսվում է խորհրդատուների այց Արգենտինա՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու և միջազգային փորձին տեղում ծանոթանալու նպատակով: Բացի այդ, 2018 թվականի ընթացքում նախատեսվում է Արգենտինայում կազմակերպել դասընթացներ ուսուցանողների համար, ինչպես նաև վիդեոկոնֆերանսների միջոցով վերապատրաստման դասընթացներ անցկացնել Հայաստանում:

  Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել աշխատանքային խմբերի ուսումնասիրություններից և քննարկումներից հետո ամփոփել արդյունքները: