կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-30 16:50
Քաղաքական

Տուժում է Վանաձորի ապագան. Մամիկոն Ասլանյանը՝ ավագանու նիստը բոյկոտողներին

Տուժում է Վանաձորի ապագան. Մամիկոն Ասլանյանը՝ ավագանու նիստը բոյկոտողներին

Հոկտեմբերի 10-ին հանրապետության մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց հաջորդեցին բավականին ինտրիգային զարգացումներ: Առավել ուշագրավ դրսևորումները տեղի ունեցան Վանաձորում: Ի դեպ, քաղաքում կայացած ընտրություններից հետո դեռևս չի հաջողվել ավագանու նիստ գումարել:   

Հիշեցնենք, որ փակ-գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Հաշվիչ հանձնաժողովի արդյունքների համաձայն՝ նա 19 ձայն ստացավ, իսկ 14 ձայն` Քրիստ Մարուքյանը։  Սակայն, ըստ ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստան»-ի ու «Հայկական վերածնունդ»ի հուշագրի, Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու ստորագրություն էր տվել ավագանու 18 անդամ։

Վանաձորում տիրող մթնոլորտի, որոշ քաղաքական ուժերի՝ Ասլանյանին ուղղված հրաժարական ներկայացնելու հորդորների և մի շարք այլ թեմաների շուրջ  Yerkir.am-ը զրուցել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ:  

«Այսօր խոսքի ազատություն է, ով ինչ հասցնում, խոսում է, իսկ Դուք որտե՞ղ եք տեսել, որ մի ամսվա  մեջ երկու անգամ հաղթած թեկնածուն հրաժարական տա: Հիմա ի՞նչ, անունն ի՞նչ է դնեմ, ստացվի, որ ես չդիմացա ճնշումների՞ն»,- վրդովված հայտարարեց Ասլանյանը:

Ըստ նրա` ինքը Վանաձորն այնքան է սիրում, որ, հանուն իր քաղաքի, պատրաստ է միայնակ կրել ողջ պատասխանատվությունն ու ծանրությունը և  ընթանալ Վանաձորը զարգացնելու ուղիով: «Ինչքանով ինձ մոտ  կստացվի, կգնահատի ժողովուրդը և ոչ թե քաղաքական այն ուժերի ղեկավարները, որոնք  Վանաձորի հետ նույնիսկ բարեկամական  առնչություններ չունեն»,- ասաց Ասլանյանը՝ արձագանքելով մեր հիշեցմանը, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ բոլորովին վերջերս պահանջում էր նրա հրաժարականը:

«Վեց ամիս առաջ դեռևս որոշված չէր, որ ընտրություններն այս կարգով են անցկացվելու, ու վանաձորցու մոտ էլ հաստատ քաղաքական  գիտակցությունը և այս ամենի նկատմամբ պատկերացումներն այն աստիճանի չէին, որ իրենք ուժերին ընկալեին կուսակցություններ, այլ ոչ թե անհատներ, ովքեր ներկայացնում են այդ կուսակցությունը»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը: 

Հարցին՝ անձի գործոնո՞վ, այսինքն՝ Մամիկոն Ասլանյան անձո՞վ էր պայմանավորված վանաձորցու ընտրությունը, նա պատասխանեց. «Ոչ միայն անձի գործոնով, այլ նաև` քաղաքական ուժի: Այսօր Հանրապետական կուսակցությունը շարունակում է մնալ  ՀՀ քաղաքական դաշտի ստաբիլ ուժը՝ իր բոլոր թերություններով, լավ ու վատ կողմերով հանդերձ, շարունակում է մնալ կայուն գործոն՝ որպես կուսակցություն»:

Հարցին՝ դժվար չէ՞ այդքան քննադատությունների թիրախում գտնվել, Ասլանյանը պատասխանեց, որ արդեն սովորել է այդ քննադատություններին: «Մտնելով քաղաքական պայքարի մեջ՝ կանխատեսում էի նաև, որ քննադատություններ կլինեն, այս պահին` հիմնականում հանիրավի, որովհետև  այս պահին  որևէ մեկն իմ անձի կամ իմ կատարած աշխատանքի, գործունեության վերաբերյալ  որևէ բացասական  կողմ օբյեկտիվորեն չի կարող նշել, հետևաբար,  այսօր  քննադատություններին վերաբերվում եմ այն կոնտեքստում, որ Հայաստանում խոսքի ազատությունը ծաղկում է ապրել, և կարծիքների, այլակարծության, տարակարծության կոնտեքստում եմ տեսնում քննադատությունը»,- նշեց նա:

Ասլանյանը նաև ընդգծեց, որ, որպես վանաձորցի, այժմ էլ արդեն` որպես Վանաձորի քաղաքապետ, չի կարող թույլ տալ, որ իր քաղաքացիներին բացասական որակումներ տան, ինչպես  իր օգտին քվեարկածներին «դավաճան» են որակում:

«Ոչ մեկին: Ես` որպես վանաձորցի և որպես համայքի ղեկավար, չեմ կարող թույլ տալ, որ իմ քաղաքացիներին որևէ բացասական պիտակավորում անեն` դավաճան, ուխտադրուժ… Դեմոկրատիայի նկատմամբ հայհոյանք եմ դիտում բոլոր այն դրսևորումները, որոնք մարդկանց խոսքի ազատությունը կամ ընտրություն կատարելու իրավունքն ուզում են համապատասխանեցնել այս կամ այն  կուսակցության գաղափարների հետ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ավագանու նիստեր չգումարելուն, Ասլանյանը նշեց, որ իրենից կախված ամեն ինչ անում է, որ գործընկերներին կառուցողական դաշտ տեղափոխի: «Այս ամենի արդյունքում տուժում է ոչ թե Վանաձորի քաղաքապետը, այլ Վանաձոր քաղաքի ապագան»,- ասաց նա: