կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-15 19:01
Իրավական

Տուժում ես դու, տուժում է պետությունը

Տուժում ես դու, տուժում է պետությունը

Օրերս yerkir.am-ն ահազանգ էր ստացել հերթական ապահովագրական ընկերության թերի աշխատանքի վերաբերյալ:

 

Այս անգամ թիրախում հայտնվել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը: Խնդիրն առնչվում է սոցիալական փաթեթի շրջանակներում իրականացվող` առողջության ապահովագրությանը:

 

Հիշյալ ՍՊԸ-ն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա իրականացնում է առողջության ապահովագրություն և որոշակի պայմանների հիման վրա կնքում ԱռՊԱ պայմանագիր կամ վկայագիր: Դրանք գործում են ՀՀ և ԼՂՀ տարածքներում գործունեություն իրականացնող այն լիցենզավորված բուժհաստատություններում, որոնք պայմանագիր են կնքել ապահովագրողի հետ:

 

Ի դեպ, այս ընկերությունը միակն է, որը սոցիալական փաթեթի շրջանակներում առողջության ապահովագրություն իրականացնելիս տարիքային սահմանափակում է նախատեսում, սակայն օրենքը նման սահմանափակում չի սահմանել: «Նաիրի Ինշուրանս»-ն իր ԱռՊԱ-ի պայմաններից մեկում նշել է, որ ապահովագրվել կարող են միայն մինչև 65 տարեկան ապահովադիրները: ՍՍա ապահովագրական ընկերության թերություններից միայն մեկն է:

 

Ավելի խնդրահարույց է ապահովագրական ընկերության գործունեության վերաբերյալ մեր ստացած ահազանգը: «Նաիրի Ինշուրանս»-ը փետրվարին հարյուրավոր շահառուների հետ կնքել է ԱռՊԱ պայմանագիր, որը մինչ օրս չի վավերացվել: Նշենք, որ ԱռՊԱ պայմանագրի մեկ օրինակն ընկերությունը պետք հանձնի ապահովադիրին (շահառու), մյուսը` պահի իր մոտ, ևս մեկ օրինակ ընկերությունը պարտավոր է ներկայացնել բանկին, որտեղ բացվել է ապահովագրված անձի անունով սոցիալական փաթեթի հաշիվը: Դա պայմանավորված է սոցիալական փաթեթի հատկացման գործընթացում այս տարի կատարված փոփոխություններով: Կառավարության որոշմամբ` փաթեթը պետք է հատկացվի առևտրային բանկերի միջոցով, այսինքն` սոցիալական փաթեթի գումարը փոխանցվելու է աշխատողի` հատուկ այդ նպատակով բացված սոցիալական փաթեթի հաշվին, որտեղից կարող են փոխանցումներ կատարվել միայն սոցփաթեթի նախանշված ուղղություններով:

 

Բերենք «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության կողմից կնքված վկայագրի մի օրինակ: Սույն թվականի փետրվարի 2-ին կնքված վկայագրի 4-րդ կետի համաձայն`  այն ուժի մեջ է մտնում ապահովագրավճարի առաջին մասի վճարումից 10 աշխատանքային օր հետո, բայց ոչ ուշ, քան 07.03,2013թ. և գործում է 365 օր: Փաստորեն, վկայագիրն ուժի մեջ պետք է մտներ դեռևս մարտի 7-ին, սակայն այն վավերացվել է միայն այսօր:

 

Մտածում ենք` ի՞նչ է որ, մեծ ժամանակ չէ, ընդամենը մեկ ամիս, սակայն այդ մեկ ամսվա ընթացքում ապահովադիրն ինչո՞ւ պետք է զրկվեր անվճար բուժօգնություն ստանալու հնարավորությունից:

 

Երբ վկայագրերը կնքած քաղաքացիներն ընկերությունից փորձել են ճշտել, թե ո՞րն է ուշացման պատճառը, նրանց պատաասխանել են, որ դա պայմանավորված է սուբյեկտիվ պատճառներով, որոնք այդպես էլ չեն նշել:

 

Մեզ հետ զրույցում, սակայն, ընկերության պատասխանատուն նշեց, որ առաջին անգամ է լսում, որ նման խնդիր է առաջացել: Պայմանագրերի վավերացումն ուշացնելու մեղքը բարդելով բանկերի վրա` նա ասաց, որ իրենք պայմանագրի օրինակը սովորաբար ուղարկում են ամենաուշը 2 օրվա ընթացքում: «Հնարավոր է դա պայմանավորված լինի բանկերի ծրագրային խնդիրների հետ. բանն այն է, որ հաճախորդները տեղեկացված չեն»,- հայտարարեց պատասխանատուն:

 

Սակայն, եթե անգամ մեղավորությունը բանկինն է, ապահովագրական ընկերության արդարացումը տեղին չէ: Բանն այն է, որ ապահովագրական ընկերությունը պարտավոր էր վերահսկել, որպեսզի բանկերը փոխանցումները ժամանակին կատարեն: Պայմանագրերի վավերացումն ուշացնելու դեպքում շահառուները կարող են դիմել դատարան, լավագույն դեպքում` ապավինել ֆինանսական համակարգի հաշտարարի օգնությանը: Վերջինիս դիմելը խրախուսում են նաև ապահովագրական ընկերությունները: Ի դեպ, հաշտության այս ձևը մեր երկրում բավականին մոդայիկ է դարձել: Սակայն, ցավոք,  ապահովագրված անձինք անգամ իրենց հետ կնքված պայմանագրից գլուխ չեն հանում, ուր մնաց կարողանան պաշտպանել իրենց խախտված իրավունքները:

 

Շահառուն լռում է, ընկերությունն էլ` օգտվում դրանից, փոխարենը տուժում է թե’ պետությունը, թե’ քաղաքացին:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ