Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցները վրդովված են` Մատենադարանը փորձում են շուկայի վերածել: Մատենադարանի ներսում` հենց մուտքի մոտ, խանութ են բացում. ցուցափեղկերը տեղադրվել են, ապրանքները` մոմեր, գլխաշորեր, զանգեր, սուրճի բաժակներ ու արկղիկներ, արդեն շարված են իրենց տեղերում, և միայն վաճառող չկա, հավանաբար` դեռ ընտրում են, քանի որ հեշտ չէ` օտար լեզուների պետք է տիրապետի, որ Մատենադարան մտնող զբոսաշրջիկներին «Էստի՜ համեցեք» անին:
Ուշագրավ է, որ, ըստ yerkir.am-ի տեղեկությունների, Մատենադարանի այդ հատվածը վերջերս աճուրդի էր հանվել, այն ընդամենը 16քմ է և, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հաղորդագրության համաձայն, պետք է ծառայեր «մշակութային ծրագրերի իրականացման նպատակով»: Աճուրդին մասնակցել է միայն մեկ «կազմակերպություն»` «Մաշտոց հիմնադրամը» /1 տարի է, ինչ գոյություն ունի/, որի տնօրենը Մատենադարանի միջազգային բաժնի վարիչ Վարդի Քեշիշյանն է: Նա էլ 1 տարի ժամկետով վարձակալության է վերցրել տարածքը և կրպակ տեղադրել: Իսկ թե կրպակը երբվանի՞ց է մեզ մոտ դարձել մշակութային իրադարձություն, հայտնի չէ: Տարածքն աճուրդի հանելուն իր համաձայնությունն է տվել Մատենադարանի լուսահոգի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Ի դեպ, Մատենադարանի աջ և ձախ կողմերում արդեն իսկ գործում է երկու կրպակ` մեկը բուն Մատենադարանի կրպակն է, որտեղ տոմսերի հետ վաճառում են նաև Մատենադարանի հրատարակություններն ու հուշանվերները, իսկ երկրորդը` «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամին է պատկանում /հիմնադրամը շուրջ 20 տարվա պատմություն ունի/, որի ամբողջ գործունեությունն ուղղված է Մատենադարանի զանազան ծրագրերի իրականացմանը:
Խնդրի մասին իրենց տեսակետներն են հայտնել Մատենադարանի «հենասյուները»` տասնյակ տարիների փորձ ունեցող աշխատակիցները:
Մատենադարանի Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ, գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Մատենադարանն արդեն իսկ երկու կրպակ ունի, և երրորդի անհրաժեշտությունն ամենևին էլ չկա, այն այցելուների հենց ճանապարհին է, ինչը շատ տգեղ է: «Ստացվում է` ճանապարհը փակում են, թե` առևտուր արա, նոր ներս մտիր: Բացի այդ` տարածքը, ըստ պետգույքի կառավարման վարչության, տրվել է մշակութային միջոցառումներ իրականացնելու համար, սակայն անհասկանալի է, թե 16 քմ-ում մշակութային ի՞նչ միջոցառումներ են անցկացվելու: Մատենադարանը շուկայի ենք վերածում: Երբ մարդը շեմից մտնում է, պետք է բուն հաստատության պահպանած նմուշներ տեսնի, ոչ թե` մոմեր ու գլխաշորեր»,- ասաց նա` հավելելով, որ հուշանվերը, այո, թանգարանային երևույթ է, սակայն դրանք կարող են վաճառվել ոչ Մատենադարանի ներսում:
Գլխավոր ավանդապահի հավաստմամբ` խնդիրը նաև այն է, որ որոշում կայացնելուց առաջ որևէ քննարկում չի եղել, թե, ի վերջո, որքանո՞վ է նպատակահարմար, որ անմիջապես Մատենադարանի ներսում խանութ բացվի: «Ամեն ինչ ծածուկ ու գաղտնի արվեց, թեև տնօրինության պետք է նիստ հրավիրվեր և հարցը քննարկման դրվեր: Կարծում եմ` տարածքն արդեն իսկ ծառայում է իր նպատակին, պետք չէ այնտեղ ոչինչ տեղադրել, այն պետք է ուղղակի նախասրահ լինի»,- ասաց նա:
Հարցին, թե Մատենադարանի լուսահոգի տնօրեն Հրաչյա Թամրազյանը տեղյա՞կ էր խնդրին, քանի որ ցուցափեղկերը տեղադրվել են դեռ այն ժամանակ, երբ նա ողջ էր, Տեր-Վարդանյանը պատասխանեց, որ, այո, Թամրազյանը տեղյակ է եղել: «Նա տեսել է դրանք և, որքանով տեղյակ եմ, նրան դուր չի եկել: Բայց, վերջին հաշվով, Մատենադարանը մեկ մարդու պատկանող կառույց չէ, այն համազգային նշանակություն ունի և մեր ազգի դեմքն է ներկայացնում, ուստի ցանկացած հարց պետք է խորը կշռադատել, նոր կյանքի կոչել»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, «Մաշտոց հիմնադրամի» առաքելությունը երիտասարդ գիտաշխատողներին օժանդակելն է, սակայն, Տեր-Վարդանյանի հավաստմամբ, տասնյակ տարիներ ինքը Մատենադարանի կարևոր բաժիններից մեկի ղեկավարն է, և իր բաժնում էլ բավական շատ են երիտասարդները, սակայն այսքան ժամանակ նրանցից որևէ մեկը որևիցե օժանդակություն չի ստացել հիմնադրամից: «Գործելակերպի սխալ էլ կա, քանի որ եթե այն Մատենադարանին կից հիմնադրամ է և Մատենադարանին պետք է ծառայի, ապա պետք է խորհրդակցական ինչ-որ մարմիններ ունենա, որը կարևոր վճիռներ կկայացնի, թե գումարներն ինչ նպատակի պետք է ծառայեն»,- ասաց նա:
Բարձր տեխնոլոգիաների և հրատարակչական հարցերով` Մատենադարանի տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանն էլ նշեց, որ իր համար լրիվ անհասկանալի էր նախ` կրպակի անհրաժեշտությունը, իսկ հետո արդեն հարցը` ինչպե՞ս կարող է մշակութային միջոցառման անվան տակ կրպակ բացվել: «Կրպակը մեր կանոնադրության խախտումներով է բացվել, քանի որ ՊՈԱԿ-ն իրավունք չունի տարածքներ վարձակալության տալու` բիզնես ծրագրեր իրականացնելու համար: Բայց մարդիկ այլ ձևակերպում են ներկայացրել` իբրև թե մշակութային միջոցառումներ պետք է իրականացվեն, և ես հիմա չեմ հասկանում` մշակութային միջոցառումն ինչպե՞ս կարող է խանութի վերածվել: Բացի այդ` այնտեղ վաճառվում են հուշանվերներ, որոնք ամենևին էլ կապ չունեն Մատենադարանի հետ»,- ասաց նա:
Գասպարյանը նույնպես անդրադարձավ «Մաշտոց հիմնադրամի» գործունեությանը` տեղեկացնելով, որ այն ի սկզբանե նախատեսված էր երիտասարդ գիտաշխատողներին աջակցելու համար, սակայն այդ աջակցությունը վերածվում է կրպակ բացելու: «Եթե այդպես է, եկեք շքամուտքի մոտ բենզալցակայան բացենք կամ արագ սննդի վայր, լավ կաշխատի: Մեր մարգարիտները խոզերի առաջ չպետք է շաղ տանք: Կարծում եմ` բարոյական առումով ուղղակի չի կարելի Մատենադարանի հենց ներսում նման կրպակ ունենալ: Այո, թանգարանային բիզնես գոյություն ունի, բայց ոչ թանգարանի մուտքի մոտ, այլ` կից ինչ-որ կառույցում: Սա միայն շահի համար է ստեղծվել, և հաշվի չեն են առել, թե ինչ նշանակության կառույցում են առևտուր ուզում սկսել»,- ասաց նա:
Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանին Մատենադարանում ստեղծված իրավիճակը հիշեցնում է աստվածաշնչյան դրվագը, երբ Հիսուսը տաճարից վռնդում է վաճառականներին` ասելով. «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի, իսկ դուք ավազակների որջ եք այն դարձրել»: Նա նշում է` Մատենադարանը տաճար է, սրբավայր մեզ համար, և այն չպետք է ծառայի այլ նպատակների: «Բացի այդ` մենք ունենք երկու կրպակ, ի՞նչ կարիք կա հենց մուտքի մոտ, որտեղ շատ մարդիկ են հավաքվում, խանութ բացել: Մենք տարվա ընթացքում մոտ 85 000 այցելու ենք ունենում, և այն կխանգարի մարդկանց հոսքին, մանավանդ` կրպակում ներկայացված են այնպիսի ապրանքներ, որոնք ամենևին էլ կապ չունեն Մատենադարանի հետ` սուրճի բաժակներ, գլխաշորեր: Ոչ մի թանգարանի ներսում` մուտքի մոտ, խանութ չկա, դրանք լինում են նկուղներում կամ ինչ-որ կողմում, ոչ թե ուղիղ նախասրահում: Հենց առաջին օրվանից, երբ բերեցին ու ցուցափեղկերը տեղադրեցին, աշխատակիցները սկսեցին դժգոհել»,-ասաց Չարխչյանը` հավելելով, որ դա ղեկավարության սխալն է եղել, որը հիմա պետք է շտկել:
Նրա հավաստմամբ` խնդրին պետք է շտապ լուծում տալ, քանի դեռ այնտեղ չի սկսվել առուծախը:
Ի դեպ, Մատենադարանի աշխատակիցները խնդրի լուծումը տեսնում են մեկ ճանապարհով` պետք է կառավարման կամ տնօրենի նիստ հրավիրել և հարցը քննարկման դնել, ինչպես սովորաբար արվում է, քանի որ խնդիրը ոչ միայն բարոյական է, այլ նաև օրենքի կոպիտ խախտում է տեղի ունեցել` միջոցառման անվան տակ կրպակ են բացել:
Yerkir.am-ը, բնականաբար, ցանկանում էր լսել նաև երկրորդ կողմի կարծիքը. զանգահարեցինք կրպակը բացած հիմնադրամի տնօրենին` Վարդի Քեշիշյանին, սակայն նա ասաց, որ կրպակի հետ կապված ոչ մի խնդիր էլ չկա: «Ինձ հանգիստ թողեք»,- ասաց տիկինն ու անջատեց հեռախոսը` չթողնելով անգամ, որ խոսքը վերջացնենք:
Կարինե Հարությունյան