կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-26 14:51
Քաղաքական

Նոր Սահմանադրությունը չի՞ խանգարի Կարեն Կարապետյանին

Նոր Սահմանադրությունը չի՞ խանգարի Կարեն Կարապետյանին

ՀՀԿ համագումարի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, խոսելով ՀՀ նախագահի հայտարարության մասին, թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանը ընտրություններից հետո կրկին կառաջադրվի վարչապետի պաշտոնում, նշեց, որ 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունները, նոր Սահմանադրության համաձայն, պիտի հնարավորություն ընձեռեն ենթադրյալ մեծամասնությանը վարչապետի թեկնածու առաջադրելու:

Դիտարկմանը, որ, Սահմանադրության համաձայն, Կարեն Կարապետյանը չի կարող շարունակել պաշտոնավարել, նախարարն արձագանքեց. «Որևէ մեկը չի խոսել մինչ այս պահը հնարավորի, անհնարինի կամ հակառակի մասին: Իրավական տեսանկյունն այստեղ շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նախագահը պարզ ասաց, որ եթե ՀՀԿ-ն ընտրություններից հետո հնարավորություն ունենա ձևավորելու կառավարություն, ապա այդ կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը: Իրավական տեսանկյունից` սա խնդրահարույց չէ: ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե ընտրություններում ՀՀԿ-ն հնարավորություն ունենա կառավարություն ձևավորելու»:

Հովհաննիսյանը նշեց, որ 2018-ից նախագահի լիազորությունները ավարտվում են, հետևաբար՝ ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը կձևավորի իր կառավարությունը, իսկ եթե դա լինի ՀՀԿ-ն, ապա կառաջադրվի Կարեն Կարապետյանը:

Հարցին` արդյո՞ք վարչապետ առաջադրվելու համար հարկավոր չէ նախ պատգամավոր առաջադրվել ու ընտրվել, իսկ դրա համար հարկավոր է չորս տարի Հայաստանում ապրել, նախարարը պատասխանեց, որ կա իրավասու մարմին, որին ՀՀԿ-ն կներկայացնի իր ցուցակը՝ համապատասխան Սահմանադրությամբ առաջադրված չափանիշներին: «Ոչ թե պետք է պատգամավոր ընտրվես, որ հետո դառնաս, այլ պահանջներ կան որոշակի, և դրանց համապատասխանությունը պետք է գնահատի իրավասու պետական մարմինը»,- ասաց նա: