|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
1920-30-ական թվականներին Խորհրդային միությունով մեկ ստեղծվեցին անգրագիտության վերացման կայաններ` լիկկայաններ, որտեղ տարրական կրթություն կամ գրաճանաչություն էին ստանում միլիոնավոր մարդիկ: Լիկկայանները ստեղծվում էին մի գերագույն նպատակով` մարդը պետք է գոնե տառաճանաչ լիներ, որպեսզի կարողանար ինքնուրույն կարդալ-ծանոթանալ մարքս-լենինյան ուսմունքի հիմնադիրների աշխատանքներին, «ընկեր» Ստալինի, Բերիայի և մյուսների հոդվածներին ու գրքերին:
Հայաստանում վերադարձել են նախկին լիկկայանական ժամանակները: Իշխանությունները, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարումից սկսած, կուրս են վերցրել հասարակ մարդկանց բացատրել այն բազմաթիվ բարեփոխումների էությունը, որ տիտանական աշխատանքով ինքնազոհաբար իրականացնում է կառավարությունը, բայց որոնք, ցավոք, հանրության դրվատանքին ու գոհունակ վերաբերմունքին արժանանալու փոխարեն արժանանում են նրա ընդվզումին ու քամահրանքին: Պատճառը, իշխանությունների համոզմամբ, մեկն է` հանրությունը չի ըմբռնում, չի կարողանում հասկանալ կառավարության վունդերկինդների բարեփոխական գյուտերն ու հանճարեղ ծրագրերը, հետևաբար` յուրաքանչյուր նախարարություն պարտավոր է իր կատարած բարեփոխումների դերն ու նշանակությունը «հասցնել մասսաներին»:
Ուրեմն` անհրաժեշտ են կառավարության բարեփոխումների առումով առկա հանրային անգրագիտությունը վերացնող կայաններ` լիկկայաններ: Եվ բացառված չէ, որ շուտով նախարարություններում կբացվեն այդպիսի կենտրոններ, մանավանդ որ բարեփոխումների խրթին` սոսկ հեղինակներին ու իշխանական գլուխներին հասու էությունը «մասսաներին հասցնելու» մասին է պարբերաբար խոսում երկրի նախագահը գերատեսչություններ կատարած իր այցելությունների ժամանակ` մասնավորապես` կենսաթոշակային բարեփոխումների պատճառով ծայր առած ընդվզումն ու հանրային մերժողականությունը բացատրելով հենց բացատրական աշխատանքների անլիարժեքությամբ ու անկատարությամբ:
Նույնն է կրկնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով եւս «շատ է կարևորում, որ յուրաքանչյուր քայլ մանրակրկիտ ներկայացվի և բացատրվի, որպեսզի հանրությունը ճիշտ ընկալի յուրաքանչյուր բարեփոխում»: Ու եթե Հովիկ Աբրահամյանն է ընկալել բարեփոխումների էությունը, ուրեմն, «իսկապես», որքան «ախմախ» է հասարակությունը: Լիկկայանները չէին խանգարի:
Բ. Գասպարյան