կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 10:05
Քաղաքական

Հայտարարություններ անելուց եւ տարածելուց առաջ մտածելը չէր խանգարի

Հայտարարություններ անելուց եւ տարածելուց առաջ մտածելը չէր խանգարի

Աչքի առաջ ունենալով կառավարության շենքի առջեւ հայ քաղաքացուն էշ եւ ոչխար անվանած ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պահվածքը` երեկ ԱԺ-ում մի քանի հայտնի կայքերի լրագրողներ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին հիշեցրել են, որ նա էլ ժամանակին «Նաիրիտի» աշխատակիցներից մեկին համբալ էր անվանել: Լրագրողներն ընդամենը հետաքրքրվել են, թե նորմա՞լ է գնահատում, որ պաշտոնյաները վիրավորական արտահայտություններով են դիմում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: Կարեն Կարապետյանն էլ, ով այդ տարիներն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ոչ ավելի, ոչ պակաս, բառացիորեն ասել է. «Եթե նորից ըլնի, նույնը կասեի»: Լրագրողներն էլ, առանց որեւէ տառ կամ բառ հորինելու, բառացիորեն գրել են Կարեն Կարապետյանի «հերոսական» պատասխանը: Շատ չանցած պատգամավորի գրասենյակը հայտարարություն է տարածում…

 

Եվ ով զարմանք… Հայտարարության տեքստի վրա ո'չ լացդ է գալիս, ո'չ` ծիծաղդ: Միայն ապշել կարելի է դրա բովանդակությունից…

 

Դեռ ոչինչ, որ արդեն երկար տարիներ լրագրության ոլորտում աշխատող եւ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին Կարեն Կարապետյանի գրասենյակը որպես նորելուկ է որակում, բայց զարմանալի է, որ նրանց զայրացրել է, թե ինչպես այդ «նորելուկները» «հանկարծ ու վերստին վերհիշել են տարիներ առաջվա մի միջադեպ», որ «անցած այս տարիներին պարբերաբար ակնհայտ դիտավորությամբ ու հետեւողականորեն «թարմացրել» են»:

 

Կարեն Կարապետյանի գրասենյակը շտապել է հիշեցնել, որ Կարապետյանը քաղաքացուն համբալ անվանել է այն բանից հետո, երբ վերջինս նրան կաշառակեր է անվանել: Այն, որ կաշառակեր բառը վիրավորական է, պատգամավորի գրասենյակի հետ մենք, իհարկե, համամիտ ենք, բայց պատգամավորը եւ նրա գրասենյակը մոռանում են մի բան, որ Կարեն Կարապետյանը այն ժամանակ էլ, այսօր էլ պաշտոնյա է եւ իրավունք չունի նման «փողոցային»  բառապաշարով պատասխանել մարդկանց: Սա այն դեպքը չէ, որ տղայավարի բազարով պետք է լուծել հարցերը: Կարեն Կարապետյանը հենց նրանով է տարբերվում հասարարակ քաղաքացուց, որ նա մի աստիճան բարձր է եւ պետք է օրինակ ծառայի քաղաքացուն, ոչ թե թեքվի եւ վիրավորանքին վիրավորանքով պատասխանի:

 

Համբալ ասելով «Նաիրիտի»` մի քանի ամիս աշխատավարձ չստացած  աշխատակցին` բարձրաստիճան պաշտոնյան միանշանակ չի կարող համոզել եւ ապացուցել, որ ինքը կաշառակեր չէ, համբալ բառով չես կարող մարդուն, ով հացի խնդիր ունի, համոզել, որ պետք չէ չարանալ ու աջ ու ձախ բոլոր փողկապավորներին կաշառակեր անվանել կամ կարծել, որ նա կերել է հենց քո փողը, հենց քո տված հարկերը…

 

Ի վերջո, երկրից, նախագահից ու, առհասարակ, կյանքից դառնացած հայ մարդուն պետք չէ համբալ անվանել…

 

Ու այսքանից հետո, երբ դեպքից անցել է մի քանի տարի, պարզվում է` ոչ միայն Կարեն Կարապետյանը, այլև նրա գրասենյակը այս ամենը չեն հասկացել, դեռ մի հատ էլ բարկանում են, որ «նորելուկ» լրագրողները թարմացրել են թեման: Եվ հիմա, երբ արդեն պատգամավոր Կարապետյանը կարող էր ներողություն խնդրել ասածի համար, շտապում է հայտարարել, թե «եթե նորից ըլնի, նույնը կասի»:

 

Հետաքրքիրն այն է, որ լրագրողների այս հիշեցումը, ինչպես իրեն հարգող ցանկացած կարկառուն ՀՀԿ-ական, Կարեն Կարապետյանն էլ շտապել է «որոշակի ուժի կամ պաշտոնյայի կողմից ուղղորդված» քայլ որակել, ինչ-որ «կենսաապահովման խնդրի լուծման» հարց բարձրացրել, ու վերջում խորհուրդ-սպառնալիք հնչեցրել՝ ձեռքերը չմտցնել մեղվի փեթակի մեջ:

 

Ագնեսա ԽԱՄՈՅԱՆ

 

Հ.Գ. Պատգամավորի գրասենյակին զայրացրել կամ զարմացրել է, թե այդ ինչպես է պատահում, որ Կարապետյանների ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի բազմաթիվ բարեգործական ծրագրերին ԶԼՄ-ները չեն անդրադառնում: Զուտ մարդկայնորեն` ի վերջո, հենց դրա համար է Սուրբ գրքում ասված, որ աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախը, այլապես բարեգործի երկու ձեռքերը միասին կարող են դառնալ ճիրան, որում կարող են հայտնվել բարեգործության օբյեկտները: Իսկ զուտ մասնագիտական առումով՝ դա արդեն PR է, որով զբաղվող բավականին կայքեր եւ չհաջողված «փիարշչիկներ», իրենց «քաղաքական մեկնաբաններ» հռչակած մարդիկ ունեն Կարապետյանները: