կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-25 19:30
Քաղաքական

Դեմն ընտրություններ են, «Հայկական վերածնունդ»-ը խաբում է ժողովրդին. ահազանգում է գյուղապետը

Դեմն ընտրություններ են, «Հայկական վերածնունդ»-ը խաբում է ժողովրդին. ահազանգում է գյուղապետը

Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Ջրաշեն համայնքում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել. «Հայկական վերածնունդ» կուսակցության` տեղի կառույցի անդամները ցուցակագրում են մարդկանց` պատճառաբանությամբ, թե համայնքի բոլոր անդամների` դեռևս խորհրդային շրջանից մնացած ավանդները վերադարձվելու են:

Ջրաշենի համայնքապետ Վահան Ուռուսյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց. «Լրիվ տեղյակ չեմ, թե ինչ է, բայց ժողովրդին խաբում են. մահացածների գրքույկներն էլ են տանում, գրանցում, չգիտեմ` ինչեր են անում»:

Գյուղապետի խոսքով` այն մարդիկ, ովքեր այնքան էլ չեն վստահում այս պատմությանը, դիմում են իրեն` ճշտելու` արդյո՞ք նման բան կա:
«Ինձ մոտ էլ է գալիս ժողովուրդը, հարցնում են` ճի՞շտ է, այդպիսի բան հնարավո՞ր է: Իսկ ով հավատում է, գնում է` առանց ճշտելու»,- ասաց նա` հավելելով, ավանդները վերադարձնելը կառավարության խնդիր է, ոչ թե ինչ-որ կուսակցության:

Համայնքապետը նշեց նաև, որ ինքն այս խաբեության մասին իրավապահներին չի հայտնի, քանի որ բոլորն էլ գիտեն, տեսնում են: «Ես ո՞վ եմ, որ քայլեր ձեռնարկեմ, ոստիկանությունը պետք է ձեռնարկի. նրանք գիտեն, բոլորն էլ գիտեն, որ մարդիկ հերթի տակ գրանցվում են»,- ասաց նա:

Ուռուսյանը «Հայկական վերածնունդ»-ի այս քայլը կապեց ընտրությունների հետ: «Դեմն ընտրություններ են, «Վերածնունդն» էլ խաբում է ժողովրդին, փող է խոստանում»,- եզրափակեց նա: