կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-24 15:16
Հասարակություն

Մեր ծրագիրը կրկնուսույցների դեմ չէ, աշակերտների մասին ենք մտածում

Մեր ծրագիրը կրկնուսույցների դեմ չէ, աշակերտների մասին ենք մտածում

Տեղեկացրել էինք, որ, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով, հաստատվել է 2016-2017 ուսումնական տարվա քննությունների անցկացման ժամանակացույցը:

Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ ավարտական դասարանում աշակերտը կարող է ընտրել` դեկտեմբերի՞ն, թե՞ հունիսին հանձնել քննությունները: Ավելին` աշակերտը հնարավորություն ունի հունվարից ընտրելու երեք առարկա և վերջին կիսամյակում անցնելու միայն իր նախընտրած երեք առարկաները:

«Խնդրի հետ կապված` տարիներ շարունակ մեզ էին դիմում աշակերտներն ու ծնողները` ընդհուպ մասելով, որ աշակերտի առողջության խնդիր են ունենում, քանի որ երեխան ֆիզիկապես չի հասցնում պարապել թե՛ այն առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար, թե՛ հանրակրթական մյուս առարկաները: Իսկ հիմա աշակերտը դպրոցում ամեն օր կանցնի այն 3 առարկաները, որոնք անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար, այսինքն` դպրոցը վերածվում է կրկնուսույցների դասապրոցեսի»,-ասաց Հովհաննիսյանը:

Yerkir.am-ի հարցին` եթե այս կերպ փորձ է արվում վերջ դնել կրկնուսույցների ինստիտուտին, արդյո՞ք մեկ կիսամյակը քիչ չէ` հենց դպրոցում պարապել և հանձնել ընդունելության քննությունները, Հովհաննիսյանը պատասխանեց` այո, իրականում քիչ է, սակայն եթե փորձը հաջողի և իրեն արդարացնի, հաջորդ տարի մի ամբողջ ուսումնական տարի աշակերտը կանցնի իր նախընտրած 3 առարկաները: «Մեր այս ծրագիրը կրկնուսույցների դեմ չէ, մենք մեր առջև նման խնդիր չենք դրել, մենք միայն աշակերտների մասին ենք մտածում»,- ասաց նա:

Քննությունների անցկացման ժամանակացույցը` այստեղ