Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հայտարարեց, որ Հանրապետական կուսակցությանը միանալու դիմում է ներկայացրել՝ ներկայացնելով 7 պատճառ: Եթե փորձենք այդ պատճառների ընդհանուր համատեքստը ներկայացնել, ապա դրանք հիմնականում երեքն են: Առաջին՝ իրեն վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանը, ով նաև ՀՀԿ նախագահն է, ինչը հանգեցնում է նախագահի և ՀՀԿ-ի առջև որոշակի բարոյական և քաղաքական պարտավորվածության: Երկրորդ՝ իր կառավարությանը քաղաքական հենարան է պետք, և քանի որ ՀՀԿ-ական մեծամասնությունն է այդ հենարանը, ապա տրամաբանական է անդամակցել հենց այդ կուսակցությանը: Եվ երրորդ՝ իրեն հոգեհարազատ է ՀՀԿ-ի պահպանողական գաղափարախոսությունը և անդամակցում է կուսակցությանը՝ դրա` ներքին վերափոխումների ենթարկվելու ներուժին հավատալով:
Երկու կարևոր հանգամանք հուշում է, որ Կարապետյանը ՀՀԿ է մտնում որպես այդ փոփոխությունների ճարտարապետ կամ գեներատոր: Նախ՝ դեռ սեպտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու իր որոշումը ՀՀԿ-ի ակտիվին ներկայացնելիս ակնարկեց, որ նրա հետ քննարկել է ՀՀԿ-ին նոր ոգի հաղորդելու հարցը: Սա նշանակում էր, որ Սարգսյանը մտադրվել է նրան հանձնել ներկուսակցական վերափոխման առաջնային «մանդատներից» մեկը, եթե ոչ` առաջնայինը: Երկրորդ՝ հենց Կարապետյանն է հայտարարում, որ դա է իր անդամակցության առաջնահերթ շարժառիթը: «Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն ևս, օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխել իր մեջ այդ ներուժը»,- ասում է Կարապետյանը: Ապա կատարում է կարևոր մի շեշտադրում. «Վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը` անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական քաղաքական կյանքում, առավել ևս ՝ պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից»: Ընդ որում՝ շատ հետաքրքրական է նրա ակնարկն այն մասին, որ ՀՀԿ-ում իր համար «ընդունելի մարդիկ» կան, ինչից հետևում է, որ կան նաև ոչ ընդունելիներ, և հետաքրքիրն է՝ ի՞նչ է անելու վերջիններիս հետ:
Թե ինչպիսի՞ն կլինեն փոփոխությունները, առայժմ հայտնի չէ: Մեկ բան, սակայն, առավել քան պարզ է ու տրամաբանական. որպեսզի Կարապետյանն իրացնի իր այդ իրավունքը, նա պետք է օժտված լինի որոշումներ կայացնելու իրավասությամբ: Իսկ սա նշանակում է, որ նոյեմբերի 26-ին սպասվող` ՀՀԿ համագումարում նրան առանցքային դեր կվերապահվի կուսակցության ղեկավար կազմում: Ամեևին չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանը կգործի այն սցենարով, ինչով 2007թ. գործեց ՀՀԿ վաղամեռիկ, երջանակհիշատակ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և նրա հանրապետական թիմը, երբ Սերժ Սարգսյանն էր անդամակցում կուսակցությանը: Այսինքն՝ գնալ կուսակցության երկու առանցքային պաշտոններից՝ խորհրդի նախագահի և գործադիր մարմնի ղեկավարի պաշտոններից մեկը նրան փոխանցելուն: Նման ընթացքը, սակայն, իրատեսական է այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը լուրջ պլաններ է կառուցում Կարապետյանի հետ խորհրդարանական ընտրություններից հետո նոր իշխանության ձևավորման շրջանակում, և եթե նախագահը չի ցանկանում, որ Կարապետյանի դեպքում էլ գործի տիգրանսարգսյանական «յուրայինների մեջ օտար» սինդրոմը: Ամեն դեպքում՝ ակնհայտ է, որ թե' վարչապետի հանրապետականացումը և թե' ներկուսակցական «վերակառուցման» առաջնորդումը նրան պատվիրակելը խոսում է այն մասին, որ գործընթացը վերաբերում է ոչ միայն զուտ ներկուսակցական վերադասավորումներին, այլև ապագա իշխանության մակետի կերտմանը: Սա Կարապետյանի հանրապետականացման շատ ավելի համոզիչ փաստարկ է, քան նրա բերած այն բացատրությունը, թե անդամակցության հիմնական պատճառներից մեկը ՀՀԿ-ի գաղափարախոսության` իրեն հոգեհարազատ լինելն է: Նախ՝ եթե դա լիներ մոտիվացիոն գործոն, ապա Կարապետյանը ոչ թե ՀՀԿ-ին անդամակցության դիմում կգրեր նոր քաղաքական մեկնարկ նախանշող ՀՀԿ համագումարից միայն երկու օր առաջ, այլ գուցե դեռ 2009թ., երբ, ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելով, ընտրվեց Երևանի ավագանու անդամ, ապա 2010թ.՝ նաև քաղաքապետ: Եվ երկրորդ՝ եթե իսկապես ՀՀԿ-ի գաղափարախոսությունն է համարում հոգեհարազատ, այլևս անիմաստ է խոսել նոր կուսակցություն ստեղծելու և դրանով կառավարության հենարանն ապահովելու` նրա ունեցած հնարավորության և դրանից չօգտվելու մասին, որքան էլ այս մոտեցումը բխեցվում է երկրում քաղաքական իրադրությունը չապակայունացնելու անհրաժեշտությունից:
Ամեն դեպքում` վարչապետի այս որոշման մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Նրա քայլը բխում է քաղաքական տրամաբանությունից, և միանգամայն օրինաչափ կհամարվի, եթե ՀՀԿ-ին անդամակցելու նրա օրինակին հետևեն նաև կառավարության այն անդամները, որոնց Կարապետյանն է բերել իր հետ: Թեև այդ դեպքում կառավարությունը կդադարի մերիտոկրատիկ լինելուց և լիարժեքորեն կդառնա քաղաքական: Նրա թիմի այս քայլը, սակայն, կառավարության համար քաղաքական հենարան ապահովելու հետ որևէ կապ չունի: Անկախ նրանց անդամակցել-չանդամակցելուց` ՀՀԿ-ն լիարժեք պատասխանատվություն է կրում և կրելու Կարապետյանի կաբինետի գործունեության համար և հանդիսանում ու հանդիսանալու էր նրա քաղաքական հենարանը: Կարևորը, սակայն, տվյալ դեպքում այն է, որ կուսակցականացումը չդրդի Կարապետյանին` հենվել միայն ՀՀԿ-ի կամ ՀՀ նախագահի ծրագրային մոտեցումների վրա, բացառապես ՀՀԿ-ական ու կոնյունկտուրային շահերի վրա և երկրորդային դարձնել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրով նախանշված ծրագրային առաջնահերթությունները, որոնց իրականացման սաղմերը, կարծես, արդեն զգալի են դառնում: Որովհետև որքան էլ տարօրինակ է, երբ Կարապետյանը, որպես ՀՀԿ-ին իր անդամակցության պատճառ նշում է նաև, թե իր ղեկավարած կառավարությունը «եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը», մոռանում է ՀՀԿ-ՀՅԴ ձևաչափի մասին:
Գևորգ Դարբինյան