Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան, որն այս տարի նշում է հիմնադրման 25-ամյակը: Սերժ Սարգսյանը կրթության ոլորտի պատասխանատուների, Երևանի քաղաքապետի և վարժարանի ղեկավարության ուղեկցությամբ շրջայց է կատարել Հայաստանի Հանրապետության առաջին փորձարարական ոչ պետական դպրոցում, ծանոթացել հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոնի հիմնանորոգված ուսումնական մասնաշենքի պայմաններին, կրթական ծրագրերին, զրուցել դպրոցի սաների և ուսուցիչների հետ:
«Քվանտ» վարժարանը 2011թ.-ից ստացել է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի իրականացման թույլտվություն: Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ, իսկ Միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները՝ նաև Միջազգային բակալավրիատի դիպլոմ, որը հիմք է հանդիսանում առանց ընդունելության քննությունների ընդունվել աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ: Կենտրոնի պատասխանատուների հավաստմամբ, կրթական այս հաստատության մի շարք մշակումներ արդեն ներդրվել են հանրակրթության ոլորտում: Վարժարանի սաներն ակտիվ մասնակցում են դպրոցականների ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային առարկայական օլիմպիադաներին՝ արձանագրելով շատ լավ արդյունքներ:
Այցի ավարտին Նախագահը Կրթության և գիտության նախարարի, Երևանի քաղաքապետի և վարժարանի տնօրենի հետ քննարկում է ունեցել կրթության ոլորտի խնդիրների, այս ոլորտում պետական-մասնավոր հատված համագործակցության և կրթական համակարգի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Սերժ Սարգսյանը լսել է ոլորտի առանձին խնդիրների լուծման վերաբերյալ վարժարանի տնօրենի մոտեցումներն ու առաջարկությունները: Հանրապետության Նախագահը Կրթության և գիտության նախարարին հանձնարարել է առաջիկայում աշխատանքային հանդիպում անցկացնել հանրակրթության և բարձրագույն կրթության հարցերի քննարկման նպատակով: