Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում ՄԻՊ-ի համար նախատեսված եկամուտները և ծախսերը: Նշենք, որ Կարեն Անդրեասյանի փոխարեն խորհրդարան էր եկել նրա տեղակալը՝ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը:
Նրան հարցեր ուղղեց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը և բարձրացրեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանի բացակայության հարցը՝ շեշտելով, որ մշտապես համագործակցել են այս կառույցի հետ, ուստի անընդունելի է, որ գերատեսչության ղեկավարը չի ներկայացել խորհրդարան: Պատգամավորը հայտարարեց, որ դա անհարգելից վերաբերմունք է:
«Անշուշտ, լինում են բացառություններ, ինչպես ԱԳՆ-ն, որն ունի նախապես երկարաժամկետ պայմանավորվածություն ու գրաֆիկ, որը խախտելը բարդ է լինում, բայց ՄԻՊ-ը, որ Հայաստանում է գտնվում, պետք մասնակցի, հակառակ դեպքում՝ պատկերացրեք իրավիճակ, երբ որևէ մեկը մեզնից չգար, դա կլիներ անհարգալից վերաբերմունք: Անկախ մարմին՝ չի նշանակու, որ որևէ մեկի հետ չհամագործակցես, անկախ գործունեություն ծավալես: Հատկապես ԱԺ-ն ձեզ շատ պետք է, որ միասին կարողանանք օրենսդրական բացերը վերացնել, ինչն ամենօրյա աշխատանք է պահանջում»,- ասաց Արզումանյանը և հավելեց. «Սա օրիորդաց վարժարան չէ, որ ինչ-ինչ բաներից նեղացվածություն լինի, ու դեմարշներ կատարվեն, խնդրում եմ՝ հաղորդեք: Սա առաջին դեպքը չէ, տարբեր գերատեսչությունների նույն հարցը տալիս ենք, կնախընտրենք, որ այստեղ ներկայացնի ղեկավարը»:
ՄԻՊ-ի բացակայության մասին խոսեց նաև հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը: «Ես պետք է միանամ այդ մտահոգություններին, որովհետև մենք միշտ բաց ենք եղել համագործակցության համար: Այսօր ՄԻՊ-ի բացակայությունը մեկ անգամ ևս մտածելու տեղիք է տալիս, թե արդյո՞ք այդ համագործակցությունը փոխադա՞ րձ է»,- ասաց նա:
ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը, արձագանքելով պատգամավորների ելույթներին, նշեց, որ Կարեն Անդրեասյանը չի ներկայացել, քանի որ քննարկվելու էին ֆինանսատնտեսական, բյուջետային հարցեր: «Մենք միշտ հարգալից վերաբերմունք ենք ունեցել ԱԺ-ի նկատմամբ, հիմա էլ ակտիվ աշխատում ենք: Խնդրում եմ, դա մի վերագրեք անհարգալից վերաբերմունքին»,- ասաց նա:
Արզումանյանն էլ արձագանքեց, որ ՄԻՊ-ի ներկայությունը պարզապես տարրական հարգանքի հարց է, ապա՝ լքեց հանձնաժողովի սենյակը: