կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 15:45
Առանց Կատեգորիա

Ա՞Ժ, թե՞ օրիորդաց վարժարան

Ա՞Ժ, թե՞ օրիորդաց վարժարան

Ընկերոջս մի գրության թանաքը դեռ չչորացած, Հովիկ Աբրահամյանը հաստատեց Սերժ Սարգսյանի նոր կարգախոսից Տիգրան Սարգսյանի բավարարվածության փաստը: Դեպի ապաՀովիկ Հայաստան: Շատ մազալու բան է ստացվել, ի դեպ, և մինչև նախագահական ընտրություններ պետք է փոխել կարգախոսը: Այլապես դուրս է գալիս, որ Հովիկը, նույն ինքը` Հովիկ Աբրահամյանը, մի բան էլ գլխավորելու է այդ կարգախոսը հնչեցնող շտաբը: Մենք առաջարկում ենք՝ դեպի անՏիկվար Հայաստան տարբերակը, որ Հովիկ Աբրահամյանի տեսանկյունից ավելի նախընտրական կարող է լինել:

 

Բայց մեր խնդիրն այս դեպքում ՀՀԿ կարգախոսի բովանդակությունը չէ: Ով էլ ընտրվի նախագահ, նա լինելու է բոլոր հայաստանցիների նախագահը: Գեղամյան Արտաշեսը, որ Սերժ Սարգսյանի վերընտրության մեջ գերհամոզվածներից է, արդեն հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում նոր բարձունքներ է նվաճելու և դառնալու է համահայկական նախագահ: Չուզողը մենք լինենք: Մեզ մնար՝ երրորդ շանս էլ կտայինք, որ հաղթահարվեր նաև համամարդկային նախագահի նշաձողը և ունենայինք, այո, համամարդկային նախագահ: Իսկ այնտեղ արդեն Նոբելյան մրցանակ կա, բան կա:

 

Մի՞թե այս ամենից Հովիկ Աբրահամյանը չի եզրակացնում, որ ինքն էլ պարտավորված է լինել ԱԺ բոլոր ֆրակցիաների նախագահը: Հասկացանք, որ նրա աթոռը բոլորից բարձր է մոնտաժված ԱԺ օվալաձև սրահում: Հետո՞: Ուրեմն պիտի իր բարձրությունից լռեցնի՞ ընդդիմադիր, ներողություն, ոչ իշխանական ֆրակցիաներին, էն էլ ինչ խոսքերով՝ չե՞ք տեսնում, որ օրիորդ է խոսողը, մի նեղացրեք օրիորդին: Բանն էլ հենց այն է, պարո'ն Աբրահամյան, որ ՀՀԿ-ի տղերքը երես չունեն իրենց հերթական «ախմախությունը» սաղացնելու և խեղճ օրիորդին են ամբիոն հանել, որ ավել-պակաս խոսացող չլինի, կոճակը հուպ տան՝ անցնի, գնա:

 

Երկու օր առաջ Սերժ Սարգսյանն ասում էր, որ Հայաստանում անարդարություն կա և չպետք է լինի: Հիրավի համահայկական խոսքեր: Ահա և ձեզ առաջին ու ամենակարևոր անարդարությունը, որ ՀՀԿ-ն անմիջապես ձեռնամուխ եղավ` վերացնելու: Պարզվել էր, որ հենց ՀՀԿ-ի հանդեպ է խայտառակ անարդարություն տեղի ունեցել, և նա փոքրամասնություն է կազմել Էթիկայի հանձնաժողովում: Դավիթ Հարությունյանն էլ, որպես շատ ժրաջան պատգամավոր, օրենքի նախագիծ է մշակել՝ այդ անարդարությունը վերացնելու համար: Որպեսզի այդ անարդարությունը շուտափույթ վերացվի, հավարը գցել են Տիգրան Սարգսյանին: Տիգրան Սարգսյանն էլ կառավարության օրինագծերի հետ ԱԺ արտահերթ նիստի է դրել նաև ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի ՀՀԿ-ափրկիչ նախագիծը: Հիրավի՝ ի՞նչ իրավունքով: Էստեղ են ասել՝ մենք ենք, մեր Ազգային ժողովը, և, առհասարակ, մենք կերել ենք մեր Ռևազի ոչխարները, պարո'ն Տիգրան Սարգսյան, ձերինը չենք կերել: Հովիկ Աբրահամյանը, սակայն, այս հանրահայտ ճշմարտությունը մոռացել էր: Ընդդիմադիրնեը, որոնք Նոր տարուց հետո կկոչվեն «ոչ իշխանական», ԱԺ իրենց հարազատ նախագահից հետաքրքրվել են, թե ո՞ւր է այս ամենի հերոսը՝ Դավիթ Հարությունյանը: Հովիկ Աբրահամյանն էլ, փոխանակ պատասխանելու այդ հասարակ հարցին, խորացել է՝ ձե՞զ ինչ` որտեղ է, ձե՞զ ինչ, թե ով է ներկայացնում նախագիծը: Բա եղա՞վ, պարո'ն Աբրահամյան: Ի՛նչ հրաշալի պահ էր խիստ կասկածելի կարգախոսը մի կողմ նետելու և մի նոր կարգախոս առաջ բերելու համար: Ի՞նչ էին արել ընդդիմադիրները: Հո օրիորդին չէի՞ն ուտում, որ այդպես բարկացաք: Հիմա Դուք ԱԺ օրիորդների՞ նախագահն եք, թե՞ բոլոր ֆրակցիաների:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ