Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր գյուղում 3-4 կիլոմետր առաջ են եկել, լավ բան չկա, բարձրաստիճան սպաների հետ հրաժարվում են այլեւս բանակցել, նստել են մեր հողին, ասում են՝ մերն է, եւ վերջ․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչը, որը դիրքապահների հետ մշտական կապի մեջ է։
Նա նշեց, որ այս պահին ադրբեջանական զորքի մեծաքանակ կուտակումներ կան, նրանց թիվը մոտավորապես 300-500-ի է հասնում։ Նշենք, որ Կութը 2020 թ․-ի Արցախյան պատերազմի ժամանակ մի քանի անգամ հրետակոծվել է թշնամու զինված ուժերի կողմից։
Կութեցու խոսքով՝ պատերազմի ժամանակ հրետակոծված գյուղը շարունակում է մնալ ադրբեջանական զինուժի նշանառության տակ՝ թշնամու «ափի» մեջ։ Գյուղի ժողովուրդն ադրբեջանցիների հայտնվելու առաջին իսկ օրից տագնապի մեջ է։
«Եթե վերցնեն, մենակ Կութը չեն վերցնի։ Գյուղացիները մտավախություն ունեն, ամեն ինչի պատրաստ են, սպասողական վիճակ է, համոզված են՝ վաղ, թե ուշ ադրբեջանցիները մտնելու են գյուղ։ Խոտհունձի տարածք չի մնացել, արոտավայրերն ու գյուղատնտեսական հողերը ադրբեջանցիների ձեռքում են»,- ասաց կութեցին։
Մենք նաեւ կապ հաստատեցին Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանի հետ՝ պարզելու, թե ինքն այս պահին ի՞նչ պաշտոնական տեղեկություն կարող է հաղորդել հանրությանը։
«Բանակցություններից տեղեկություն չունենք, սպասում ենք, որ դրանց հեռացնեն։ Գյուղացիները, երեխաները վախեցած են։ Լսել ենք, որ Սյունիքից հետո գալու են մեր մարզ՝ սահմանները ճշգրտելու, սպասում ենք դրան։ Արոտավայրերը, խոտհարքներն ադրբեջանցիների ձեռքում են, նստած են մեր հողերում»,- ասաց Չիտչյանը։
Կութի գյուղապետը հերքեց մամուլում շրջանառվող լուրը, թե գյուղի դպրոցն ու գյուղապետարանը տրվել են զինվորներին։ «Դպրոցում աշակերտները դասի են, սխալ ինֆորմացիա է, որ դպրոցը տրվել է զինվորներին։ Այո, նշանառության տակ է, բայց կրթօջախը գործում է, երեխաները հաճախում են իրենց դասերին»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն մի քանի օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորները հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։
Լիանա Սարգսյան