կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-29 13:51
Քաղաքական

Պետք է խնդիրները կարգավորել՝ գտնելով նաև ոչ ստանդարտ լուծումներ. վարչապետն այցելել է Սյունիքի մարզ

Պետք է խնդիրները կարգավորել՝ գտնելով նաև ոչ ստանդարտ լուծումներ. վարչապետն այցելել է Սյունիքի մարզ

Տեղեկացրել էինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: 

Վարչապետին զեկուցվել են Սյունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ճանապարհաշինության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին:
Անդրադառնալով աղբահանության խնդիրներին՝ վարչապետը նշել է, որ համայնքները պետք է վերանայեն աղբահանության կազմակերպման սակագները՝ տարբեր սուբյեկտների համար սահմանելով համապատասխան չափանիշներ: 

Գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն զեկուցել է, որ մարզում առկա է 20 հազար գյուղացիական տնտեսություն, որից 2 հազար 700-ը ֆերմերային է: 43 հազար վարելահողերից մշակվում է 85 տոկոսը: Նշվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ինտենսիվ այգիների հիմնման ուղղությամբ: Արդեն իսկ քննարկվում է նման 10 հայտ: Ընթացքի մեջ է 650 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայի ձեռք բերման ծրագիրը՝ նախատեսված Սիսիանի տարածաշրջանի համար: 

Կարեն Կարապետյանը կարևորել է ծրագրի իրականացումը և մարզպետին հանձնարարել ներկայացնել մարզն ամբողջությամբ գյուղտեխնիկայով համալրելու ամբողջական ներդրումային ծրագիր: Անդրադարձ է կատարվել նաև ոռոգման համակարգի զարգացմանը: Վարչապետն առաջարկել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ մանրամասն քննարկել առկա խնդիրները և գտնել ոռոգման խնդրի կարգավորման լուծումներ: Գործադիրի ղեկավարն ավելացրել է նաև, որ գյուղատնտեսության նախարարությունը կառավարությանն է ներկայացրել 7 ծրագիր, որոնց միջոցով այս ոլորտում արդյունավետությունը կտրուկ փոխվելու է: 

Զեկուցվել է նաև, որ մարզի առողջապահական համակարգի վճարովի ծառայություններից մուտքագրված գումարներն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն իսկ կազմել են 175.3 մլն դրամ, ինչը գերազանցում է նախորդ ամբողջ տարվա մուտքերը մոտ 50 մլն դրամով: Նշվել է, որ դրական միտումը հիմնականում պայմանավորված է բժշկական կենտրոնների կառավարման համակարգի արդիականացմամբ: 

Անդրադառնալով մարզի ավտոճանապարհների վերանորոգման հարցին՝ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարել այս ոլորտում գտնել այլընտրանքային լուծումներ՝ հաշվի առնելով այդ ճանապարհների կարևոր նշանակությունը: «Պետք է խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ գտնել, մենք էլ ամեն կերպ նմանատիպ ծրագրերին ցուցաբերելու ենք աջակցություն: Այս պարագայում համայնքներում փոխվելու է և մթնոլորտը, և միջավայրը», - շեշտել է Կարեն Կարապետյանը: 

Խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել նաև տարբեր ոլորտներին առնչվող ներդրումային ծրագրեր, որոնք կքննարկվեն կառավարությունում և կներկայացվեն համապատասխան առաջարկություններ: Անդրադարձ է կատարվել նաև Կապանի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ կատարվող ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին: