| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության (ԵՄ) անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որի օրակարգում կլինեն նաև Թուրքիայի վերջին ներքաղաքական զարգացումները: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Ըստ Ermenihaber-ի՝ երկօրյա նիստի ընթացքում կքննարկվեն նաև ԵՄ-ՆԱՏՕ փոխհարաբերությունները, Սիրիայի և Ուկրաինայի հիմնահարցերը:
Ակնկալվող նիստի վերաբերյալ ԵՄ պաշտոնակայքում տեղ գտած հայտարարության մեջ ԵՄ-ն խորին մտահոգություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ:
Հայտարարության մեջ ծայրահեղ մտահոգիչ են համարվել Թուրքիայում մահապատժի վերականգնման վերաբերյալ քննարկումները, սոցիալական ցանցերի և բազմաթիվ լրատվամիջոցների արգելափակումները, լրագրողների, այդ թվում՝ Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրի և մի շարք աշխատակիցների ձերբակալման որոշումը, ինչպես նաև՝  երկրի երկրորդ մեծ ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների կալանավորումը:
Հայտնի է դարձել նաև, որ նախարարների նիստում կքննարկվի պետական հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ծավալվող իրադարձությունների պատճառով այդ երկրի եվրաինտեգրման բանակցությունների դադարեցման հարցը: Խնդիրը թեև չի ներառված նիստի պաշտոնական օրակարգում, սակայն ակնկալվում է, որ որոշ նախարարներ նիստի ընթացքում կբարձրացնեն այդ հարցը:
Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը նախօրեին հայտարարել էր, որ եթե Թուրքիայում իրավիճակը շարունակի նույնը մնալ, ապա այս երկրի դեմ տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն: Շուլցը շեշտել էր, որ մահապատժի վերականգնման դեպքում անմիջապես կդադարեցվեն ԵՄ-Թուրքիա բանակցությունները: