Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի հիմնադրած «Ագուլիս» տիկնիկային թատրոն-ստուդիան 30 տարվա գործունեությունից հետո փակվել է: Արդեն 1,5 տարի է` թատրոնի դռները փակ են, այն չի գործում: Պատճառը մեկն է` թատրոնը գտնվում է անմխիթար վիճակում, հիմնանորոգման կարիք ունի: Ի դեպ, փաստը, որ թատրոնը փակվել է, նկատել է միայն հանդիսատեսը` մշակույթի նախարարության համար կարծես թե կարևոր էլ չի` մեկ թատրոն, մեկ թատրոն պակաս:
«Ագուլիսը» շուրջ 15 տարի է` Դերենիկ Դեմիրճյանի հուշատան նկուղում է տեղակայված, որն էլ պատկանում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստ Մանարյանը հայտարարել է, որ, առանց վերանորոգման, թատրոնն այլևս դռները բացել չի կարող, և խնդրի լուծման իր տարբերակն է առաջարկել` սեփականաշնորհել Դեմիրճյանի տուն-թանգարանի ներքնահարկը: Ըստ նրա` սեփականաշնորհելուց հետո կփորձեն գտնել մարդկանց ովքեր կաջակցեն թատրոնին և այն կրկին ոտքի կկանգնի:
Ներկայումս Դեմիրճյանի հուշատունը վերանորոգվում է, և ինչպես տեղեկացրին թատրոնից, դրա համար ընդամենը 6 մլն դրամ է հատկացվել, և այդ գումարով հնարավոր չէ վերանորոգել նաև նկուղում տեղակայված թատրոնը:
Ըստ Քրիստ Մանարյանի` մշակույթի նախարարությունն անցյալ տարի խոստացել էր վերանորոգել այս փոքր նկուղային տարածքը, բայց հետո պարզվեց, որ, ինչպես միշտ, դրամ չունի դրա համար: «Միակ լուծումը՝ տարածքը պետք է սեփականաշնորհել` գտնելու համար անհատների, ովքեր էլ կօգնեն, որ թատրոնը սկսի գործել առաջվա պես, և հուսանք` առաջվանից էլ ինտենսիվ: Ես դիմում գրեցի ներկայիս վարչապետ պարոն Կարապետյանին` խնդրելով, որ նա հորս և ինձ ընդունի` այս ամենի հետ կապված: Աշխատակազմից ինձ պատասխանեցին՝ հիմա վարչապետն ընդունել չի կարող, քանի որ քաղաքացիների ընդունելություն չունի, միգուցե հաջորդ ամսվա մեջ: Ուզում եմ հուսալ, որ ընդունելությունը կկայանա»:
Մշակույթի նախարարությունից էլ տեղեկացնում են, որ տեղյակ են` թատրոնը նորոգման խնդիր ունի, սակայն ծախսը շատ է, մշակույթի նախարարությանը տրամադրվող բյուջեն` քիչ: Հարցին, թե ինչ լուծում պետք է տրվի այս դեպքում` պատասխանեցին, թե դեմ են թատրոնի փակմանը, պետք է ելքեր փնտրեն:
Երվանդ Մանարյանը 92 տարեկան է և փոքր-ինչ վատառողջ, տանից հաճախ դուրս չի գալիս: Ասում է. «Թատրոնը փակ է: Թատրոնի հետ կապված հարցերով տղայիս հետ խոսեք, աղջի'կս»:
Քրիստ Մանարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ «Ագուլիս»-ի վերականգնման հարցի շուրջ զրուցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանի և ՀՀ վարչապետի օգնական Նարեկ Ադոնցի հետ: «Որոշվեց, որ խնդիրը քննարկման կդրվի կառավարության նիստում: Առաջարկեցին թատրոնի տարածքը երկարատև օգտագործման վարձակալության պայմանագրով մեզ հանձնել»,- ասաց նա:
Թե կառավարութան ո՞ր նիստի ժամանակ հարցը կդրվի քննարկման, դեռ պարզ չէ, սակայն հույս ունենք, որ հարցը քննարկելիս հաշվի կառնեն Մանարյանի` մշակույթի ոլորտում ունեցած ներդրումն ու վաստակը: Բացի այդ, Հայաստանում հաշված տիկնիկային թատրոններ են գործում ` մեկ ձեռքի մատներն անգամ շատ կլինեն` դրանք թվարկելու համար: Մյուս կողմից, անընդհատ գլուխ ենք գովում, թե մենք աշխարհին ներկայանում ենք մեր մշակույթով, որին, սակայն, պարզվում է` այնքան էլ ուշադրություն չենք դարձնում: Թատերական միջազգային բազմաթիվ փառատոներ ունենք, ինչն, այո, շատ լավ է, բայց ստացվում է` մենք միայն ցուցադրում ենք` մեզ մոտ ոլորտը զարգանում է, իսկ այն, որ տարեցտարի կրճատվում են թատրոնների թիվը, այնքան էլ էական չէ:
Թե ինչ բախտի կարժանանա «Ագուլիս» թատրոնը, կներկայացնենք հաջորդիվ: