կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-08 18:47
Քաղաքական

«Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք». վարչապետ

«Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք». վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել են տեղեկատվության և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկումները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են մի շարք ծրագրեր և գաղափարներ՝ մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության հիման վրա տվյալների մշակման կենտրոնի ստեղծում, էլեկտրոնային հարթակներում գործունեության դաշտի ընդլայնում, մարզերում տեխնոլոգիական կենտրոնների զարգացում (Գյումրու և Վանաձորի օրինակով) և այլն:
Վարչապետը լսել է ներկայացված առաջարկները և հանձնարարել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սեղմ ժամկետում քննարկել դրանք շահագրգիռ բոլոր կողմերի հետ, մշակել միջոցառումների ծրագիր: Միևնույն ժամանակ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ակնկալում է ՏՀՏ բնագավառի որակական փոփոխություններին միտված ծրագրեր, որոնք կարճաժամկետ հեռանկարում տեսանելի արդյունք կտան և կնպաստեն ոլորտի աշխուժացմանը: «Ինչո՞ւ եմ ես հույս կապում ձեր ոլորտի հետ, որպեսզի մենք թռիչք անենք, որակ փոխենք: Նախ և առաջ, հաշվի առնելով զուտ բազիսային հնարավորությունները, երկրորդ՝ ժամանակակից և գիտակից կադրերը, երրորդը, չորրորդը նույնպես այդ պնդումների շուրջ են: Եթե դուք սպասում եք, որ մենք՝ չինովնիկներս, այս ոլորտում հեղափոխություն անենք, մենք՝ չինովնիկներս, ռեվոլյուցիա անող չենք: Բայց որպեսզի կարողանանք աշխատող մարդուն, շահույթի ձգտող մարդուն ոգևորել, մեր բոլոր սուբսիդիաները պետք է ուղղենք հաջողակին: Ես ուզում եմ ձեզնից ծրագրեր՝ ինչպես անենք, որպեսզի ոլորտը փոխենք», - նշել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է ՏՀՏ ոլորտի առաջնահերթ խնդիրներին և, մասնավորապես, հատկանշել մասնագետների պահանջարկի հարցի լուծումը: Արձագանքելով հանրակրթական դպրոցներում ինժեներական կրթական համակարգ ներդնելու առաջարկին՝ վարչապետը նշել է, որ երկարաժամկետ կտրվածքով դպրոցից սկսելը ճիշտ է և հեռանկարային, բայց այսօր արագ արդյունքի հասնելու համար կարճաժամկետ և առարկայական ծրագրեր են անհրաժեշտ: Այս համատեքստում քննարկվել են մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումներին և իրականացվող ծրագրերի արդյունավետությանը վերաբերող հարցեր: