կարևոր
3553 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-07 16:04
Քաղաքական

Մենք պետք է փոխենք պատերազմում պարտված լինելու մեր կեցվածքը. Ավետ Ադոնց

«Այսօր ադրբեջանական կողմն ու իրենց առանջնորդն ավելի քան ինքնավստահ են։ Այսօր Ալիևն անտեսում է ամեն ինչ՝ ցանկացած գնահատական, ցանկացած կարծիք»,-  Այլընտրանքային նախագծեր խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկմանն ասաց ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ Ալիևը ուզում էր գոնե երկու տարածք, հետո ախորժակը բացվեց,  եղավ 6, հետո հինգը, հիմա Արցախն Ադրբեջան է, և ավելին՝ ներխուժել է Հայաստանի տարածք՝ արհամարհելով միջազգային հանրության կարծիքները, գնահատականները։

Դիվանագետն ընդգծեց՝ այս պարագայում հայկական կողմը պետք է փոխի իր կեցվածքը։

Առաջին հերթին նկատի ունեմ՝ պետք է դուրս գալ  2020 թվականի պատերազմում պարտված լինելու կեցվածքից։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները ժողովրդի աջակցությամբ շատ ամբիցիոզ գաղափարներով, ծրագրերով  առաջ գնան, հնչեցնեն դրանք, որոնք պետք է ամրագրված լինեն համապատասխան ծրագրերում, պրակտիկայում դրանք իրականություն դառնան։ Մասնավորապես, Հայաստանը բարձրացնի անվտանգության մակարդակը և որակը։ Առանց դրա չի լինի, առանց դրա չենք կարող փոխենք մեր կեցվածքը գոնե մեր տարածաշրջանում և ավելի լայն վեկտորի հանրության մոտ։

Պարտված լինելու կեցվածքից պետք է դուրս գայինք շատ վաղուց, գոնե մեկ տարի առաջ։  Եվ դա ամիջապես կազդեր բանակցային կոնցեպտը փոխելուն»,- ասաց Ավետ Ադոնցը։

Ըստ նրա,  երբ ունենում են ծրագիր, գործողությունների ծրագիր, դրանք սկսում են իրականացնել՝ նկատի ունենալով անվտանգությունը բարձրացնել, անմիջապես դառնում են ավելի ամուր, ավելի հասցեագրված, ավելի արդյունավետ:

«Մեր պետությունը, մեր ժողովուրդն այսօր մնում է կախված անվտանգության օրակարգից։ Սա մեզ համար առանջնային խնդիր է։  Այս հարցի  լուծումը պետք հիմնված լինի ազգային շահի վրա։ Ո՞րն է ազգային շահը։ Պետք է ձևակերպվի ազգային շահը։

Իմ խորին համոզմունքն է, որ ազգային շահը,  երբ խոսում ենք տարածաշրջանի առումով, Արցախի ժողովրդի բոլոր իրավունքների ապահովումն է, երկրորդ՝ անպայման վերագտնել և վերականգնել Հայաստանի տեղը տարածաշրջանում  անվտանգության ճարտարապետության մեջ, որը մենք ունեինք և դրա մասին բարձրաձայնում են նաև մեր միջազգային շատ գործընկերներ։ Մենք  մեր տեղը տարածաշրջանում պետք է գտնենք։ Առանց դրա բոլոր տիպի բանակցությունները, բոլոր տիպի փորձերը և դրանց արդյունքը կլինի այն, ինչ մենք հիմա ունենք այսօր»,- ասաց Ավետ Ադոնցը։

Դիվանագետի խոսքով, Սոչիում եռակողմ՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումն ու դրա արդյունքում ընդունված հայտարարությունը Վալդայի տրամաբանական շարունակությունն էր։

«Սոչիում ընդգծվեց, ողջունվեց  ՌԴ ռազմական ներկայությունը տարածաշրջանում առանց, ցավոք, նշելու որտեղ, ճիշտ վայրը կամ վայրերը։ Ռուսաստանն այսպես իր պատգամը հղեց թե տարածաշրջանի երկրներին, թե միջազգային հանրությանը, որ լինելով բավականին ներգրված այլ շատ ակտիվ օրակարգերում՝ ռազմական գործողություններ Ուկրաինայում, դա չի նշանակում, որ զուգահեռաբար ՌԴ-ն հնարավորություն կամ ռեսուրս չունի զբաղվել այլ տարածաշրջանային խնդրով, որոնք հույժ կարևոր են»,- ասաց նախկին փոխարտգործնախարարը։

Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է դիվանագիտական ճանապարհով վիճակը շտկել կամ մի թեթև Հայաստանի ուզածով շարունակել, Ա.Ադոնցը նախ նշեց, որ դիվանագիտությունն արտաքին քաղաքականություն իրականացնելու գործիք է, ընդամենը գործիք է. «Նախ պետք է մշակվի այդ արտաքին քաղաքականությունը՝ հիմնված ազգային շահի վրա։ Հետո արդեն խոսենք դիվանագիտության մասին։

Միայն դիվանագիտությունը որպես արտաքին քաղաքականություն իրականացելու գործիք բավարար չէ։ Պետք է ուժեղ լինել, վստահ լինել, որպեսզի  օգտագործես քո բոլոր դիվանագիտական լծակները։ Եվ, իհարկե, նաև պետությունը  լինի վստահելի և կանխատեսելի միջազգային գործընկերների համար, լինի հարգանքի արժանի գործընկեր, որի պակասը ես այսօր մի փոքր զգում եմ», - նշել է նա: