կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-07 13:46
Քաղաքական

Հյուսիս-հարավի որոշ հատվածների շինարարությունը կավարտվի մինչև Նոր տարի, որոշ հատվածներինը՝ մայիսին

Հյուսիս-հարավի որոշ հատվածների շինարարությունը կավարտվի մինչև Նոր տարի, որոշ հատվածներինը՝ մայիսին

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր կապի, տրանսպորտի և ՏՏ ոլորտին հատկացված բյուջեի նախագիծը: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հարց ուղղեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանին, թե արդյո՞ք ավարտվեց «Հյուսիս-հարավ» ծրագիրը: Պատգամավորին հետաքրքրում էր նաև, որ որոշ անավարտ ճանապարհների դրված արգելափակոցների պատճառով վթարներ են եղել, և ո՞վ պետք է պատասխան տա դրա համար:

Նախարարը համաձայնեց, որ կան թերացումներ այդ ծրագրի կատարման ընթացքում: Նրա խոսքով` «Հյուսիս-հարավ» ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017թ. վերջին. որոշ ճանապարհների շինարարությունը կավարտվի մինչև նոր տարի, որոշ հատվածներինն էլ` հաջորդ տարվա մայիսին:

Ինչ վերաբերում է արգելափակոցների պատճառով եղած վթարներին, նախարարը հորդորեց սպասել հետաքննության ավարտին, որովհետև փաստ չէ, որ հենց արգելափակոցների պատճառով է եղել պատգամավորի մատնանշած` մահվան հանգեցրած վթարը: Նախարարը նշեց, որ եղել է մայրուղու շինարարության բոլոր հատվածներում և տեսել, որ բոլոր անհրաժեշտ ճանապարհային նշանները տեղադրված են:

Պատգամավորը արձագանքեց. «Դուք ասում եք` թերացում, ես ասում եմ՝ հանցագործություն և պետական միջոցների մսխում»:

Վահան Մարտիրոսյանը նաև հավելեց, որ կառավարությունը քննարկում է մասնավոր հատված-պետական համակարգ համագործակցության արդյունքում ճանապարհի որոշ հատվածներ, մասնավորապես` թունելներ ու կամուրջները նորոգել մասնավոր հատվածի միջոցներով, արդյունքում` կթեթևացնեն պետական ներդրումների բեռը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց, թե միջոցներ նախատեսվա՞ծ են միջգյուղական, միջհամայնքային ճանապարհների նորոգման համար: Նախարարը պատասխանեց, որ հատկացումներ կան թե' բյուջեով, թե' Համաշխարհային բանկի ծրագրերով, և այդ ծրագրում ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը: