կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-04 16:31
Իրավական

Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Սարի թաղի դեպքերով կալանավորված այգեպանին ու ուսուցչին (լուսանկարներ)

Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Սարի թաղի դեպքերով կալանավորված այգեպանին ու ուսուցչին (լուսանկարներ)

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննարի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց այս տարվա հուլիսի 20-ին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած բողոքի ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումների գործով դատական նիստը: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է երեք անձ՝ Արսեն Մկրտումյանը, Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը:

Նախքան դատաքննության մեկնարկը՝ նիստը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը կողմերից հետաքրքրվեց` արդյո՞ք կարող են որոշ տուժողների բացակայության պայմաններում շարունակել նիստը:

Ամբաստանյալ Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ այդ տուժողների ներկայությունն անթույլատրելի է այս գործով նիստերին, քանի որ ամբաստանյալներից որևէ մեկին մեղսագրված արարքում կոնկրտացված չէ, թե նրանց ենթադրյալ գործողությունների արդյունքում ով է տուժել: Նշենք, որ այս գործով ներգրավված է 46 տուժող:

Այսօրվա նիստում ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները: Մասնավորապես` Արսեն Մկրտումյանը հայտնեց, որ բնակվում է Կոտայքի մարզի Քաղսի գյուղում, ունի միջնակարգ կրթություն, մինչ կալանավորվելը եղել է այգեպան: Գագիկ Մելիքյանը նշեց, որ ամուսնացած է, խնամքին ունի 1 երեխա, մինչ կալանավորվելն աշխատել է Երևանի N 142 ավագ դպրոցում` որպես պատմության ուսուցիչ, և ընտանիքի հետ բնակվել է վարձով: Սոսո Մարգարյանն էլ հայտնեց, որ ՌԴ քաղաքացի է, ծնվել է ՌԴ-ում, սակայն բնակվում է Երևանում, մշտական աշխատանք չունի:

Այսօրվա դատական նիստում ամբաստանյալներ Արսեն Մկրտումյանի և Գագիկ Մելիքյանի պաշտպանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել իրենց պաշտպանյալներին: Մասնավորապես` Արսեն Մկրտումյանի պաշտպան Արա Ղարագյոզյանն իր միջնորդության մեջ նշեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է դեպքից 5 օր անց, այսինքն` եթե նա նպատակ ունենար խուսափել քննությունից, չէր մնա քաղաքում: Նա միաժամանակ ներկայացրեց Քաղսիի համայնքապետի բնութագիրը Արսեն Մկրտումյանի վերաբերյալ: Սակայն դատավորը երկու միջնորդություններն էլ մերժեց:

Նշենք, որ, համաձայն մեղադրական եզրակացության, Արսեն Մկրտումյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքերով հարվածել և քար է նետել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների վրա: Գագիկ Միքայելյանը և Սոսո Մարգարյանը նույնպես մեղադրվում են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ նրանք նույնպես քար են նետել ոստիկանության աշխատակիցների վրա: