Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների գործով հերթական դատական նիստը: Այսօր ամբաստանյալների պաշտպանները դատարանին ներկայացրեցին իրենց պաշտպանյալների վերաբերյալ փաստաթղթեր, մասնավորապես` Արցախյան ազատամարտին մասնակից մեղադրյալներին շնորհված պատվոգրերը, շնորհակալագրերը և այլն:
Ամբաստանյալ Շանթ Հարությունյանի պաշտպան Սարգսյանը, ուշադրություն հրավիրելով իր պաշտպանյալի` մարտական գործողություններին մասնակից լինելու հանգամանքի վրա, միջնորդեց 5 անձանց, ովքեր կվկայեն այդ մասին, հրավիրել դատարան և, որպես վկա, հարցաքննել: Ըստ նրա` այդ անձինք Հարությունյանի հետ 1993-ին կամավորական ջոկատների կազմում մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանությանը: Դատավորը մերժեց միջնորդությունը` նշելով, որ անձի` մարտական գործողություններին մասնակցած լինելն այլ ընթացակարգով է ենթակա հաստատման:
Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանն էլ միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխեւ, այն գրավով փոխարինել:
Նշենք, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել գործով տուժողներ` ոստիկաններ Արա Մարտիրոսյանին և Գեղամ Խաչատրյանին հրելու համար: Փաստաբանը, վկայակոչելով հիշյալ տուժողների` դատարանում տված ցուցմունքներն ու հետազոտված տեսաձայնագրությունները, հայտարարեց, որ գործով ձեռք բերված որևէ ապացույցով չի հիմնավորվել իր պաշտպանյալի մեղավորությունը: Ըստ նրա տուժող Գեղամ Խաչատրյանի ցուցմունքը չի կարող դիտարկվել թույլատրելի ապացույց, քանի որ նրա ցուցմունքը չի ապացուցվել այլ ապացույցներով, հետևաբար, ըստ Զաքարյանի, այն չի կարող դրվել մեղադրանքի հիմքում: Փաստաբանը, որպես գրավ, առաջարկեց 500 հազար դրամ:
Հիշեցնենք, որ նախկինում ևս պաշտպանը հանդես էր եկել նման միջնորդությամբ, որը, սակայն, դատարանը մերժել էր: Դատախազ Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ: Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: