Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարզվում է` Արկադի Փելեշյանի երեխաներն Էդուարդ Շարմազանովի եղբոր սանիկներն են: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ինքը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության` Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը (Ական) դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին։
Ըստ Շարմազանովի` Փելեշյանի՝ Գրիգորյանին ծեծի ենթարկելու դեպքի առիթով քննչական հետաքննություն է ընթանում, որոնողական գործողություններն իրականացվել են:
«Իրավապահներն իրականացնում են իրենց գործառույթները: Ես երբեք չեմ միջամտել, չեմ միջամտելու իրավապահների գործունեությանը: Եթե պարզվի նման բան տեղի է ունեցել է, ուզում է` եղբայրս լինի, պետք է պատասխանատվության ենթարկվի»,-ասաց նա՝ հավելելով, որ նման երևույթները միշտ դատապարտել է:
Շարմազանովը նշեց, որ ինքը չի ցանկանում ստանձնել դատախազի կամ դատավորի ֆունկցիա: «Կա անմեղության կանխավարկած, բայց եթե պարզվի, որ մեղավոր է պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասաց նա:
Հարցին` փորձե՞լ է ճշտել դեպքի իրողությունը, Շարմազանովն արձագանքեց. «Դա իմ գործն է` ճշտել եմ, թե` ոչ: Ես ասացի դեպքը դատապարտելի է, խնդիրը իրավապահների հսկողության ոլորտում է: Կարևոր չէ, թե ով է նման բան կատարել՝ իմ սանիկը, եղբորս սանիկը, թե` իմ հարազատ եղբայրը, դա դատապարտելի է, ինձ համար եզրույթներ կան, որոնք դատապարտելի են»:
Դիտարկմանն էլ՝ Վանաձորում կարող է «Վերածնունդը», ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» միանան, այդ դեպքում ՀՀԿ-ն չի ունենա քաղաքապետ, Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ի նպատակը քաղաքապետ ունենալը չէ: Վանաձորում կարող է երբեք բյուջե չձևավորվել, որովհետև ընդդիմադիր ուժերը մեկը մյուսին խանդով են վերաբերվում: Խնդիրը սա է, բայց պետք է առանցքում ունենալ վանաձորցու շահը, իսկ վանաձորցու շահը պահանջում է օր առաջ Վանաձորում ձևաել քաղաքային իշխանություն»: