կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 13:17
Իրավական

Օրը մեջ են աշխատանքի կանչում և հավելյալ չեն վարձատրում. ոստիկաններն ահազանգում են

Օրը մեջ են աշխատանքի կանչում և հավելյալ չեն վարձատրում. ոստիկաններն ահազանգում են

Հանրապետության կարևորագույն օբյեկտներում հսկողություն իրականացնող` ոստիկանության տասնյակ ծառայողներ մի քանի ամիս է, ինչ որոշակի վայրերում ուժեղացված ծառայություն են իրականացնում, սակայն դրա համար հավելավճարներ չեն ստանում: Այս մասին հայտնեց Yerkir.am-ին ահազանգած քաղաքացին: Բանն այն է, որ, սովորաբար, ոստիկաններն աշխատում են հերթափոխով՝ երկու օրը մեկ, սակայն մի քանի ամիս է, ինչ նրանց աշխատանքի են կանչում օրը մեջ և դրա համար հավելյալ գումար չեն վճարում: Ղեկավարությունը աշխատակիցներին բացատրել է, որ եղած անձնակազմը բավարար չէ ուժեղացված ծառայություն իրականացնելու համար, և որ  նման աշխատանքային գրաֆիկը ժամանակավոր է: Մեզ դիմած քաղաքացու պնդմամբ` անմարդկային է օրը մեջ 24 ժամ ծառայություն իրականացնել և դրա համար հավելյալ չվարձատրվել:

Նշված խնդրի կապակցությամբ Yerkir.am-ը զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Նա մեզ հայտնեց, որ եզակի դեպքերում, երբ ուժեղացված ծառայություն է լինում, ոստիկանները նաև հավելյալ են աշխատում, ինչը կանոնակարգված է: Սակայն, ըստ նրա, հնարավոր չէ, որ կարևորագույն օբյեկտներում հսկողություն իրականացնող աշխատակիցներին մի քանի ամիս շարունակ նման ռեժիմով աշխատեցնեն, քանի որ այդ օբյեկտների պահպանության համար մեծ թվով ծառայողների անհրաժեշտություն չկա: