կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-28 14:38
Քաղաքական

Խորհրդարանի նոր կանոնակարգով` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ

Խորհրդարանի նոր կանոնակարգով` ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու է ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ` մեկնարկեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի վերաբերյալ աշխատանքային քննարկումները: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ներկայացրեց նոր կանոնակարգում տեղ գտած դրույթները, որոնք, նախորդների համեմատ, վերանայվել են:

Սահակյանի խոսքով՝ լուրջ վերանայումներ են եղել օրակարգային հարցերի կուտակումների, մշտական հանձնաժողովների քննարկման ընթացքում նախագծերում փոփոխություններ կատարելու, խորհրդարանում որոշ հարցերի երկար քննարկման և այլ հարցերի վերաբերյալ:

Հանձնաժողովի նախագահը նշեց նաև, որ եթե կառավարությունը հիմնավորի, որ իր ներկայացրած նախագիծը հրատապ է, առանց ԱԺ խորհրդում քննարկելու, արտահերթ նիստ կգումարվի: Ըստ Սահակյանի՝ խմբակցությունները շաբաթը մեկ անգամ պետք է նիստեր գումարեն, և այդ նիստը լեգիտիմ ճանաչելու համար պետք է ներկա լինի խմբակցության կեսից ավելին:

«Ի թիվս այլ փոփոխությունների, մշտական հանձնաժողովների դերը նույնպես մեծացել է»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ևս մեկ կարևոր փոփոխություն է տեղ գտել կանոնակարգ-օրենքում: «ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվում է ընդդիմադիր խմբակցություններից մեկը, սա պարտադիր պայման է»,- նշեց նա:

Սահակյանը նշեց նաև, որ կանոնակարգ-օրենքը ենթարկվել է նաև կառուցվածքային փոփոխությունների և դրանով շատ ավելի հեշտ կլինի տարանջատել հարցերի հաջորդականությունը, որը վերաբերում է տվյալ բաժնին: Նա ներկայացրեց նաև քառօրյա նիստերի օրակարգում տեղ գտած փոփոխությունները:

«Քառօրյա նիստերի առաջին օրը՝ երկուշաբթին, նվիրենք, որ ԱԺ խորհուրդը օրակարգը որոշի, երեքշաբթի օրվանից մինչև ուրբաթ նիստեր գումարենք, այսինքն՝ լինի քառօրյա»,- ասաց Սահակյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում ակնկալում է գործընկերների գրավոր առաջարկները տեսնել. «Գործընկերների գրավոր առաջարկները յոթ կամ տասն օրվա ընթացքում թող ներկայացվեն` մինչև առաջին ընթերցում»: