Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ պատգամավորները և աշխատակազմը հարգանքի տուրք մատուցեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ հոկտեմբերի 27-ը Հայաստանի անկախության պատմության ամենամեծ ոճիրն էր, ահաբեկչություն, որին զոհ գնացին պետության երևելի դեմքեր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը:
«Մեզ համար դա կրկնակի ցավ էր, որովհետև մենք կորցրեցինք մեր կուսակցության առաջնորդին՝ սպարապետ Վազգենին: Հանցագործները, այդ ոճիրը իրականացնողները ձերբակալված են, մնացած առումներով ոչինչ չեմ կարող ասել, որովհետև չեմ տիրապետում ամբողջական տեղեկատվության: Փաստն այն է, որ ոճրագործ Հունանյանը՝ իր դաշնակիցներով, գտնվում է ազատազրկման վայրում»,- նշեց նա:
Անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքներին՝ Շարմազանովն ընդգծեց, որ հետևանքները շատ ծանր են եղել պետության համար: «Եթե նրանք լինեին, մենք մի քանի քայլ առաջ կլինեինք: Ես դեմ եմ, որ ասում են` անփոխարինելի մարդիկ չկան, անհատները դեր չեն խաղում: Դա սովետական մտածելակերպ է: Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանն անփոխարինելի են: Մեր գործն էլ այսօր պետք է լինի հնարավորինս քայլեր կատարել նրանց երազանքների Հայաստանին մոտենալու համար»,- ասաց նա՝ հավելելով. «Ինչքան էլ որ դժվար լինի, ինչքան էլ որ խնդիրներ լինեն, ինչքան էլ մեկս մյուսի հետ լեզու չգտնենք, պետք է կարողանանք ընդհանուր լեզու գտնել և բոլոր հարցերը քննարկել կլոր սեղանի շուրջ: Սա առաջին հերթին իշխանությանն է վերաբերում, որովհետև գլխավոր պատասխանատուն իշխանությունն է»: