կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 21:22
Առանց Կատեգորիա

Հարգելի քաղաքացի, կներեք, բայց այսինչ ծառը վաղը հատելու ենք

Հարգելի քաղաքացի, կներեք, բայց այսինչ ծառը վաղը հատելու ենք

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ նշել է, որ մինչև ծառերը հատելը` պետք է իրազեկել հանրությանը: Ժողովուրդը, ըստ քաղաքապետի, պետք է կանխավ տեղեկացված լինի, որ անհարկի մտահոգություններ չառաջանան: Երևանի քաղաքապետին սկսել են անհանգստացնել մեր մտահոգությունները, թարսի պես էլ ոչ ոք չի ասել` սիրուն չէ: Միգուցե նա միշտ էլ սրտացավ է եղել մեր մտահոգությունների վերաբերյալ` ուղղակի չի՞ արտահայտվել` ի՞նչ իմանաս, ուղղակի զարմանալի է, որ իր անհանգստությունն ի ցույց է դնում պաշտոնավարելուց 5 տարի անց միայն: Եթե գոնե հենց նոր ստացած լիներ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանը, կհասկանայինք, որ գուցե գիտության խորխորատում դեգերելուց հետո է ժողովրդի մտահոգությունների հանդեպ սրտացավ դարձել, բայց բոլորս էլ հիշում ենք 2013-ի դեկտեմբերյան այն գեղեցիկ օրը, երբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում քաղաքապետին երիտասարդ ՀՀԿ-ականները սկսեցին պաշտպանել լրագրողներից:

Ինչևէ, չշեղվենք գլխավոր թեմայից և պատկերացնենք, թե ինչ գեղեցիկ կստացվեր իրազեկումը` ծառահատումից առաջ. «Բարև ձեզ: Մենք Երևանի քաղաքապետարանից ենք և ուզում ենք տեղեկացնել, որ վաղը այսինչ վայրի ծառերը հատելու ենք, խնդրում ենք` չանհանգստանալ, քանի որ ծառերը ծերացել էին, դե, ժամանակն էր»: Պատկերացնո՞ւմ եք` ինչքան գեղեցիկ կլիներ նաև իրազեկումը` ո՞ւմ են բնակարան հատկացնում և ինչո՞ւ հենց նրան, ինչպե՞ս են աղբահանությունը կազմակերպում, ձմռանն ինչպե՞ս են «մաքրում» փողոցները, տոնական համերգների գումարները որտեղի՞ց են գալիս և ո՞ւր են հոսում, Երևան քաղաքի` պատմամշակութային շենքերն ինչո՞ւ են քանդում և փոխարենը իբրև թե եվրոպական ոճի կառույցներ վեր խոյացնում, ինչպե՞ս են ընտրում` ո՞վ է քաղաքի պատվավոր քաղաքացի, ում` այստեղ լինելը պատիվ չէ…

Պատկերացնո՞ւմ եք` եթե քաղաքապետը իսկապես ականջալուր լիներ մեր մտահոգություններին` գուցե ապրեինք վարդագույն Երևանում, ոչ թե` վարդագույնով ներկված շենքերի կույտում: Եթե ինչ-որ քայլ անելուց առաջ իսկապես իրազեկեին հանրությանը, ոչ թե` որոշում կայացնեին, իրենք իրենց արածն անեին և դեռ մի բան էլ զարմանային, թե` մարդկանց ի՞նչ եղավ, անհնազանդ դարձան, գուցե Հին Երևան ասելով` ոչ թե թղթի վրա մնացած ծրագիր, այլ կենդանի պատմություն դարձած շինություններ ու փողոցներ մտաբերեինք: Թե չէ ծառահատումից առաջ իրազեկել, թե` ծառերը հատելու ենք… այնպես չէ` ընդառաջում եք մեզ ինչ-որ հարցում, հատկապես, որ փողկապն ուղղելով ու կոկորդը մաքրելով` հպարտությամբ հայտարարում եք ծառատունկերի մասին. եթե ձեր տնկած ծառերի գոնե կեսին հետևեիք, Երևանը հիմա անտառի վերածված կլիներ:

Պարոն քաղաքապետ, տեղեկացնում ենք, որ ծառահատում պետք չէ իրականացնել` հա՛մ մեզ իրազեկելու անհրաժեշտություն չի լինի, հա՛մ էլ` քաղաքում շնչելու օդ կլինի:

Կ.Հ.