կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 20:12
Առանց Կատեգորիա

Լևոն Զուրաբյանի ուշացած ինքնախոստովանությունը

Լևոն Զուրաբյանի ուշացած ինքնախոստովանությունը

ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարել էր, թե  մինչ վարչախումբը զբաղված է ոչ այնքան պետության առողջացմանը, որքան սեփական իշխանության ամրապնդմանն ուղղված` կառավարման համակարգի և ընտրական գործընթացի բարեփոխման թատերական արարողություններով, Հայաստանին մոտ ժամանակներս դեֆոլտի տեսքով իրական տնտեսական աղետ է սպառնում:

Եվ ահա կուսակցության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր փորձել է բացատրել, որ առաջին նախագահն ընտրական համակարգի բարեփոխումներին անդրադառնալիս ոչ թե 4+4+4 ձեւաչափով ընտրական օրենսգրքի փոփոխման համաձայնագիրն է նկատի ունեցել, այլ «բացառապես ԿԸՀ-ի վարկաբեկված կազմի նշանակումը, Գյումրիի եւ Վանաձորի «կեղտոտ» ընտրությունների անցկացումը»: 

Պետք է արձանագրել, որ դա Տեր-Պետրոսյանի հրապարակային գործունեության` թերևս ամենաանհաջող հայտարարությունն էր: Դրանով նա ոչ թե տնտեսության իրական վիճակը կամ ընտրական համակարգում կատարված փոփոխությունների իրական նպատակները բացահայտեց, այլ միայն... իրականությունից հենց իր կտրված լինելը: Նախ՝ նրան բնորոշ չէ, առանց հանգամանքների պատճառահետևանքային կապերի վերհանման ու հիմնավորումների, գնահատողական եզրակացություններ անելը, առավել ևս՝ երբ թեման պահանջում է համակողմանի մասնագիտական մոտեցում: Իսկ հայտարարությունը հենց այդպիսին էր: Երկրորդ՝  Տեր-Պետրոսյանը չէր կարող չգիտակցել, թե ինչպիսին կլինի իր այդ մեկնաբանության ազդեցությունը հասարակության, Հայաստանի արտաքին ու ներքին պոտենցիալ ներդրողների տրամադրությունների վրա: Եվ այս տեսանկյունից` առանց հիմնավորումների դեֆոլտի մասին հայտարարությունն անելը, հատկապես`  դրա համար ընտրված պահը, պատահական լինել չէր կարող:

Փաստորեն, Տեր-Պետրոսյանը Հայաստանի նախադեֆոլտային վիճակի մասին հայտարարությունն արեց Հայաստանում ամերիկյան ներդրումների խրախուսմանն ուղղված` Նյու Յորքում հոկտեմբերի 10-ին կազմակերպված բավականին ներկայացուցչական համաժողովից գրեթե անմիջապես հետո և ՀԱՊԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ԵԱՏՄ երկրների նախագահների Երևան ժամանելու նախօրեին: Փաստորեն, նա փորձեց ընդամենը մեկ հայտարարությամբ իմաստազրկել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված նախաձեռնությունը:

Եվ Լևոն Զուրաբյանը լավ կաներ նախ բացատրեր, թե ինչո՞վ են պայմանավորված այս «տարօրինակ» զուգադիպությունները: Փոխարենը, փորձելով մեկնաբանել ընտրական բարեփոխումները թատերական արարողություն ներկայացնելու մասին` իրենց լիդերի դիրքորոշումը, Լևոն Զուրաբյանն ավելի անլրջացրեց դրությունը:  Բանն այն է, որ ԿԸՀ-ի նշանակումը և Գյումրիի ու Վանաձորի ավագանու ընտրություններն այն նույն ընտրական համակարգի բարեփոխումների արգասիքներից են, որոնց ձեռնարկմանը մասնակցել է նաև ընդդիմությունից, որոնցից ամենանախաձեռնողականը եղել է հենց ՀԱԿ-ը: Եվ կամա, թե ակամա, Տեր-Պետրոսյանն իր իսկ գլխավորած կուսակցությանը մեղադրում է այդ «թատերական ներկայացմանն» անմիջականորեն մասնակցելու մեջ: Ավելին` եթե Տեր-Պետրոսյանը համարում է, որ այդ ներկայացումն ուղղված է եղել իշխանության վերարտադրմանը կամ նրա դիրքերի ամրապնդմանը, ապա նա ՀԱԿ-ին նաև մեղադրում է դրան ծառայելու մեջ: Հիմա պետք է հասկանալ՝ Տեր-Պետրոսյանը դա արեց, որովհետև կուսակցությունը 4+4+4 ձևաչափում իշխանության հետ համագործակցել է առանց իր համաձայնությա՞ն և, յուրայիններին «դավաճանության» մեջ անուղղակիորեն մեղադրելով, սեփական դե՞մքն է հիմա փրկում, թե՞ պարզապես այնքան է օտարված եղել նաև ՀԱԿ-ի մասնակցությամբ քաղաքական գործընթացներից, որ կորցրել է բոլոր թելերը: Երկու դեպքն էլ ո'չ Տեր-Պետրոսյանի և ո'չ էլ Լևոն Զուրաբյանի օգտին չեն խոսում: Եվ այս հանգամանքը փաստում է, որ ՀԱԿ-ի ժամանակներն անցել են: Դեռ խորհրդարանական նոր ընտրությունները չսկսած՝ ՀԱԿ-ը գրեթե լիովին հայտնվել է լուսանցքում:

Իսկ, ընդհանրապես, ՀԱԿ-ը վերջին կուսակցություններից է, որը կարող է խոսել Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների «կեղտոտ» լինելու մասին: Պատճառն այն չէ, որ Լևոն Զուրաբյանը սխալ է: Նրա այդ գնահատականն այնքան էլ հեռու չէ իրականությունից: Պատճառն այն է, որ ՀԱԿ-ը, այդ ընտրություններին չմասնակցելով, պատասխանատվություն չվերցնելով իր վրա, ինքն իրեն զրկել է դրանք այս կամ այն կերպ գնահատելու բարոյական իրավունքից: Եթե Զուրաբյանը հակառակն է կարծում, ապա հարկ է հիշեցնել, որ նրա ներկայացրած քաղաքական ուժն ընդգրկված է ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Եթե նրանք «կեղտոտություններ» են տեսել, պետք է որ կա'մ կանխած լինեին, կա'մ արձանագրած և դրանց մասին իրավապահներին հայտնած՝ առնվազն նման որակումն անելու իրավունքը սեփական կուսակցությանը տալու համար: Բայց ՀԱԿ-ական հանձնաժողովականները լռել են, ինչը տրամաբանական է երկու դեպքում` կա'մ կեղտոտություններ իրենց աչքով չեն տեսել, կա'մ էլ տեսել են, բայց նախընտրել են աչք փակել, ինչն արդեն քաղաքական գործարք է: Գուցե սրանով Զուրաբյանը խոստովանում է, որ վստահ չե՞ն ընտրական հանձնաժողովներում իրենց ներկայացուցիչների սկզբունքայնությանը:

Սովորաբար, խոստովանությունն ինքնամաքրման, կատարսիսի առաջին նախապայմանն է: Բայց, կարծես, ՀԱԿ-ի պարագայում դա արդեն ուշացած է:  

Գևորգ Դարբինյան